Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Շարունակվում են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը շարունակվում են Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունները: Հունվարի 18-ին, տղամարդկանց մրցաշարում հանգստյան օր էր, իսկ կանայք անցկացրել են 7-րդ տուրի պարտիաները: Ի դեպ, 7-րդ տուրի արդյունքներով փոխվել է մրցաշարի առաջատարը:

Սուսաննա Գաբոյանի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Մարիամ Մկրտչյանն իր միավորների թիվը հասցրել է 5,5-ի, և միանձնյա գլխավորում է աղյուսակը: Սուսաննա Գաբոյանը 4,5 միավորով նահանջել է 3-րդ հորիզոնական: Երկրորդ տեղում Մարիա Գևորգյանն է, որը 7-րդ տուրում հաղթել է Վերոնիկա Խաչատրյանին և այժմ 5 միավոր ունի իր ակտիվում:

Հայաստանի տղամարդկանց առաջնությունում անցկացրած 6 մրցախաղերից հետո մրցաշարային աղյուսակը 4,5 միավորով միանձնյա գլխավորում է Մանուել Պետրոսյանը։ 6-րդ տուրում Պետրոսյանը մրցել է գործող չեմպիոն Հովհաննես Գաբուզյանի հետ և 3-րդ անընդմեջ հաղթանակը տարել:

4-ական միավորով առաջատարին հետապնդում են Շանթ Սարգսյանը և Սամվել Տեր-Սահակյանը. նրանք առավելության են հասել համապատասխանաբար Արման Միքայելյանի և Տիգրան Պետրոսյանի նկատմամբ: Մրցաշարը կտևի մինչև հունվարի 23-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում