ՀԱՊԿ-ը պահպանում է Հայաստանի հանդեպ բոլոր պարտավորությունները. գլխավոր քարտուղար
Չնայած Հայաստանի որոշմանը՝ դադարեցնել մասնակցությունը ՀԱՊԿ միջոցառումներին, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի նկատմամբ։
Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմագամբետովը։
«Հայաստանն, իրոք, սահմանափակել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին, սակայն փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են, և կազմակերպության օրակարգում աշխատանքները շարունակվում են։ ՀԱՊԿ-ի բոլոր պարտավորությունները Հայաստանի նկատմամբ մնում են լիովին համապատասխան կազմակերպության կանոնադրական նպատակներին և սկզբունքներին»,- ասաց նա։
Թասմագամբետովն ընդգծել է, որ եթե Հայաստանի ղեկավարությունը որոշի դուրս գալ կազմակերպությունից, դա կլինի Հայաստանի ինքնիշխան իրավունքը։
«ՀԱՊԿ անդամ պետություններն արտաքին խաղացողների հետ փոխգործակցության մեջ հավատարիմ են մնում բազմավեկտոր քաղաքականությանը, որը մնում է նրանց ինքնիշխան իրավունքը: Ըստ այդմ, Երևանի ընտրությունն է՝ մնալ ՀԱՊԿ-ի կազմում, թե լքել կազմակերպությունը, դա ևս կլինի այս անկախ պետության ինքնիշխան որոշումը: Այլ հարց է, թե ինչպես է Հայաստանի ներկայիս ղեկավարությունը գնահատում երկրի առջև ծառացած ազգային անվտանգության սպառնալիքներն ու ռիսկերը: Քարտուղարության վերլուծաբանները նշում են, որ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցությունը կարող է փոխվել, եթե Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, բայց այս դեպքում գործի կդրվեն տարածաշրջանային անվտանգության այն գործոնները, որոնց ազդեցությունն այժմ բավականին դժվար է կանխատեսել և հաշվարկել»,- նշել է պաշտոնյան:
Կարծիքներ