«Զվարթնոց» թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը

«Զվարթնոց» թանգարանում բացվել է Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում բացվել է ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրությունը։

 

Հավաքածուն ներկայացնում է Թորամանյանի՝ Անիում և Հայաստանի տարբեր շրջաններում ծավալած գործունեությունը՝ կատարած չափագրությունները, ճարտարապետական հուշարձանների լուսանկարները, գիտական աշխատությունները, նամակները, ճամփորդական նոթերը, ինչպես նաև 1927 թ. Թորամանյանի ջանքերով Գյումրու հյուսիսարևմտյան ծայրամասում գտնվող «Կազաչի պոստ» կոչվող ավազահանքի տեղամասից` ավազահանքերի շահագործման աշխատանքների ընթացքում հայտնաբերված, շուրջ 750.000 տարվա վաղեմություն ունեցող փղի մնացորդներից:

 

Ցուցանմուշները Թորոս Թորամանյանի և Արամ Վրույրի անձնական արխիվից են, որոնք պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում. որոշները ցուցադրվում են առաջին անգամ: Իսկ փղի մնացորդները ժամանակավոր ցուցադրության համար բերվել են Երկրաբանական թանգարանից:

 

ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը, ողջունելով ցուցադրության բացումը, ընդգծել է. «ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնահերթ է համարում նմանատիպ միջոցառումներով մեր պատմության և մշակույթի երախտավորների գործունեությունն ու ժառանգությունը հանրահռչակելը՝ այդկերպ մեկ անգամ ևս արժևորելով և հանրայնացնելով նրանց աշխատանքն ու անցած ճանապարհը:

 

Թորոս Թորամանյանն իր ստեղծագործական և գիտական գործունեությունը, ողջ կյանքի հսկայածավալ աշխատանքն իրականացրել է բարդ ժամանակներում և պայմաններում՝ բազմաթիվ զրկանքների գնով: Սա առավել մեծացնում է մեր պատասխանատվությունն ու ներդրվող ջանքերը՝ պահպանելու և տարածելու մեզ թողած նրա ժառանգությունը»:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտավազդ Զաքյանի խոսքով՝ Թորամանյանի 160-ամյակին զուգահեռ՝ նշվում են նաև Նիկողայոս Մառի՝ Անիի հնագիտական արշավախմբի ղեկավարի 160, ինչպես նաև հնագետ, պատմաբան Աշխարհաբեկ Քալանթարի 140-ամյակները: Տարբեր թեմատիկ դետալներով ցուցադրությունում ներկայացված է նաև վերջիններիս գործունեությունը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում