Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին
Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը կարող է կայանալ այս տարվա օգոստոսին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։
Նախարարը հիշեցրել է, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվել էր։ «Այս տարվա ընթացքում մենք կազմակերպությունից առաջարկի ենք սպասում․ կազմակերպությունը համերգի անցկացման երեք ժամկետ պետք է առաջարկի, որոնցից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը»,- ասաց Անդրեասյանը։
Նա մանրամասնեց, որ սպասում են համերգը կազմակերպող ընկերության առաջարկներին, թեև ունեն նախնական տպավորություն, որ, հնարավոր է, համերգն անցկացվի այս տարվա օգոստոսին։
Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերին, սակայն Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սկսած ռազմական ագրեսիայի պատճառով համերգը հետաձգվեց։
Հայաստանի կառավարությունը 2023 թվականի օգոստոսին Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար մոտ 6 միլիոն դոլար էր հատկացրել «Դոպինգ Սփեյս» ընկերությանը։
Կարծիքներ