Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մեկնել է Վաշինգտոն, որտեղ ուղերձով կդիմի ԱՄՆ կոնգրեսին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։Այցից առաջ Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կմնա ԱՄՆ-ի «անփոխարինելի և ուժեղ» դաշնակիցը Մերձավոր Արևելքում՝ անկախ նրանից, թե ընտրությունների արդյունքներով ով կփոխարինի նախագահ Ջո Բայդենին։ Սա Նեթանյահուի առաջին այցն է ԱՄՆ 2022 թ. վերջում ռեկորդային՝ վեցերորդ ժամկետով վարչապետ ընտրվելուց հետո։ Նեթանյահուն ասել է, որ շնորհակալություն կհայտնի Բայդենին այն ամենի համար, ինչ նա արել է Իսրայելի համար իր ողջ կարիերայի ընթացքում, և նրա հետ կքննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են Գազայում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակումը, պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ջախջախումը և տարածաշրջանում Իրանին և նրա աջակցությունը վայելող խմբավորումներին դիմակայելը:Հուլիսի 23-ին նախատեսվում է Նեթանյահուի հանդիպումը 81-ամյա Բայդենի հետ, եթե վերջինս ապաքինված լինի COVID-19-ից։ Իսկ հուլիսի 24-ին նախատեսված է Նեթանյահուի ելույթը Կոնգրեսում։ Կոնգրեսի երկու պալատների համատեղ հանդիպմանը ելույթ ունենալը հազվադեպ պատիվ է, որը վերապահված է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներին։ Նեթանյահուին նման հրավեր է ուղղվել Ներկայացուցիչների պալատի հանրապետական ղեկավարության ջանքերով, որոնք մեղադրում են Բայդենին Իսրայելին բավարար աջակցություն ցույց չտալու մեջ:Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ է սկսել 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում 1200 մարդ էր զոհվել, շուրջ 250-ը՝ գերեվարվել։ Ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի առողջապահական իշխանությունների, հասել է 39 000-ի։
Կարծիքներ