Հրազդանի ոստիկանները Հանքավանի անտառից ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Ոստիկանությունը հոկտեմբերի 31-ին հաղորդում է ստացել, որ երկու տղամարդ, որոնցից մեկը՝ Հանքավանի, մյուսը՝ Մեղրաձորի բնակիչ, ապօրինի հատել են ծառեր և պատրաստվում են հանքավանցու շահագործած «ԶիԼ-131» բեռնատարով տեղափոխել նրա տուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, Հրազդանի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հանքավան բնակավայրում հայտնաբերվել է մոտ 10 խմ փայտանյութով բեռնված «ԶիԼ-131»-ը: «Վարորդը հայտնել է, որ մեղրաձորցի ընկերոջ հետ Հանքավան բնակավայրի հարակից անտառից ապօրինի հատել են սոճիներ: Պարզվել է, որ նրանք նախկինում ևս կատարել են ապօրինի ծառահատումներ և փայտանյութը տեղափոխել հանքավանցու տան բակ:
Տղամարդիկ ձերբակալվել են: Փայտանյութով բեռնված բեռնատարը տեղափոխվել է Հրազդանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ «ԶիԼ-131» բեռնատարի վրա տեղադրված է «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի համարանիշ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ