Ադրբեջանի նախագահի դժգոհությունը ոչ այլ ինչ է, քան բարձր գնահատանք ՀՀ ԱԳՆ-ի ու ԱԺ-ի աշխատանքներին. Մխիթար Հայրապետյան
Երեկ Ադրբեջանի նախագահը դժգոհել էր Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից, ինչպես նաև միջխորհրդարանական կազմակերպություններում ադրբեջանցի դիվանագետների ու կազմակերպությունների կատարած աշխատանքից: Այս գնահատականը ոչ այլ ինչ է, քան բարձր գնահատանք հենց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ու Ազգային ժողովի խորհրդարանական դիվանագիտության փայլուն ու արդյունավետ աշխատանքին: Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նա ընդգծեց, որ ՀՀ դիվանագիտական կորպուսը, համայնքները, հայ դատի հանձնախումբն ու հայկական եկեղեցին միահամուռ կերպով աջակցում են պատգամավորներին:
«Վերջին երկու օրերին մեր բարեկամական, եղբայրական երկրներից ի սատարում ՀՀ-ի ու հայ ժողովրդի հայտարարություններ են հնչում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մեր հայրենակիցներին, որ այս բավականին բարդ ժամանակաշրջանում համախմբվել են մեր շուրջ»,-նշեց պատգամավորը:
Կարծիքներ