Ֆրանսիան ռազմական խորհրդական կուղարկի Հայաստան
Ֆրանսիան Հայաստան կուղարկի ռազմական խորհրդական և հատուկ ստորաբաժանումներ կպատրաստի ՀՀ Զինված ուժերի համար։
Այս մասին «X»-ի միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեբաստիան Լըկորնյուն՝ նշելով.
«Հայաստանը պետք է կարողանա պաշտպանել իրեն և իր բնակչությանը»։
Նա ներկայացրել է այն ծրագրերն ու ուղղությունները, որոնց շուրջ կողմերը սկսել են կամ սկսելու են համագործակցել։ Դրանք են՝
«1. Աջակցություն հայկական բանակին նրա վերափոխման գործում`
Պաշտպանական առաքելության բացումը 2023 թվականի հունվարին
Ֆրանսիացի սպայի՝ որպես ռազմական խորհրդատու ՀՀ ՊՆ ուղարկում
Բազմաթիվ այցելություններ և աշխատանքային հանդիպումներ
2. Ուսուցում
Համագործակցություն սպայական և ենթասպայական ուսումնական հաստատությունների հետ
Ուսուցում օպերատիվ ուսումնական ջոկատների կողմից, մասնավորապես լեռնային մարտերի և հրաձգության վայրերում
3. Ցամաքային ՀՕՊ համակարգերի ուժեղացում
3 հատ GM200 ռադիոտեղորոշիչ կայանի ձեռքբերման պայմանագրի և հակաօդային պաշտպանության վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
«Միստրալ» զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի ստորագրում
Հայկական ցամաքային ՀՕՊ համակարգերի առաջիկա աուդիտ:
Նա հիշեցրել է, որ 2023 թվականի հունվարին Ֆրանսիան դեսպանատանը կից ռազմական կցորդ է նշանակել։
Նախարարն առանձնահատուկ նշել է նաև ՀՀ զինված ուժերի համար հատուկ ջոկատների նախապատրաստումը՝ հատկապես լեռնային տեղանքում մարտական գործողությունների և բարձր ճշգրտության հրաձգության համար:
Նա նաև հավելել է, որ առաջիկայում ստուգում կանցնի Հայաստանի հակաօդային պաշտպանության համակարգը։
Կարծիքներ