Ռուբեն Վարդանյանին խոշտանգելու, զրպարտելու փաստերով հայցեր են ներկայացվել Ադրբեջանի դատարան
Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները դատական հայցեր են ներկայացրել Բաքվի դատարան՝ պնդելով, որ Վարդանյանը ենթարկվել է խոշտանգումների և զրկվել է շուտափույթ դատաքննության իրավունքից:
Reuters-ի հաղորդմամբ, Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ հայցերից մեկը կապված է խոշտանգման հետ, որին նա ենթարկվել է 2024 թվականի ապրիլին հացադուլ հայտարարելու ժամանակ։ Նրանք հայտարարել են, որ, ի պատասխան Ռուբեն Վարդանյանի հացադուլ անելու հայտարարության, նրան տեղափոխել են պատժախուց, ստիպել կանգնել, արգելել են լվացվել և երկու օրով զրկել ջրից։
Մեկ այլ հայցով Վարդանյանի փաստաբանները հայտարարել են, որ իրենց պաշտպանյալի արագ դատաքննության իրավունքը խախտվել է` նրան անցած տարվանից կալանքի տակ պահելու հետևանքով։ Առանձին հայցով ադրբեջանական «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու թերթը մեղադրվում է Վարդանյանին զրպարտելու մեջ։
Ըստ աղբյուրի, Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել այդ դատական հայցերը։
Մայիսի 16-ին Բաքվի դատարանը 5 ամսով երկարաձգել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կալանքը:
Հիշեցնենք՝ ապրիլի 19-ին Ռուբեն Վարդանյանի գրասենյակից հայտնել էին, որ Բաքվում կալանավորված Վարդանյանը հացադուլ էր հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։
Հացադուլը նա սկսել էր 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել էր միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։
Ապրիլի 25-ին Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել էր ընդհատել հացադուլը․ նրան թույլ էին տվել խոսել կնոջ հետ:
Սեպտեմբերի 27-ին ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, երբ փորձել էր հատել Հակարիի կամուրջը և գալ Հայաստան, նրան Ադրբեջանի սահմանային ծառայության ծառայողները ձերբակալել էին և տեղափոխել Բաքու: Տեղեկությունը նախ գրեցին ադրբեջանական լրատվամիջոցները, ապա հաստատեց Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը, այնուհետև՝ Ադրբեջանի սահմանային ծառայությունը:
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը:
Կարծիքներ