Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել. զոհվել է 72 մարդ՝ բոլոր ուղևորներն ու անձնակազմը

Նեպալում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել, դեպքը տեղի է ունեցել Պոնհարա քաղաքում, օդանավակայանի մոտակայքում, հայտնում է The Kathmandu Post-ը։
Yeti Airlines ավիաընկերությանը պատկանող տուրբոպրոպով մարդատար ATR 72 ինքնաթիռը Կատմանդուից թռել է Պոնհարա։ Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ ինքնաթիռում եղել է 68 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։
Տեղի արտակարգ իրավիճակների ծառայություններից Reuters-ին փոխանցել են,որ ընկնելուց հետո ինքնաթիռը կտոր-կտոր է եղել:
Օդանավակայանը փակ է, կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Վթարի պատճառները հետաքննվում են։
Կործանված ինքնաթիռի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ ընդհանուր առմամբ 72 մարդ, զոհվել են, հայտնում է News18 հնդկական հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցիչներին։
Երկրի վարչապետ Պուշպա Քամալ Դահալը կառավարության արտահերթ նիստ է հրավիրել տեղական ավիաընկերության ATR 72 ինքնաթիռի վթարից հետո:
«Վթարի փաստով ափսոսանք հայտնելուց հետո վարչապետ Դահալը ներքին գործերի նախարարությանը, անվտանգության անձնակազմին և պետական բոլոր գերատեսչություններին հանձնարարել է արդյունավետ փրկարարական գործողություններ իրականացնել»,- հաղորդում է Pardafas-ը՝ վկայակոչելով Նեպալի նախարարների կաբինետի հայտարարությունը:
Կարծիքներ