Այն, որ պաշտպանները հետ են վերցրել դիմումը, դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին. Տարոն Սիմոնյան
«Իմ լավ բարեկամ փաստաբանները նշեցին, որ հետ են վերցնում դիմումը, բայց չպատասխանեցին հարցին, թե ի՞նչ կապ ունի իրենց հետ վերցնելը ՍԴ-ում քննության հետ. այդ գործը քննվելու է, որովհետեւ առաջին ատյանի դատարանն էլ է դիմել Սահմանադրական դատարան:
Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայտարարությանը, որ հետ են վերցնում ՍԴ-ից Ռոբերտ Քոչարյանի գործով դիմումը:
«ՍԴ պաշտպանական կողմի եւ դատարանի դիմումների հիման վրա է քննության օր նշանակել: Այո, միավորել է այդ դիմումները: Հիշում եք, որ մեր հայտարարությունը պայմանավորված էր նրանով, որ այդ գործը քանի որ քննվելու է ՍԴ-ում եւ քննվելու է հուլիսի 7-ին, որպեսզի այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական ազդեցություն չլինի հակասահմանադրականության հետ կապված, որեւէ քաղաքական ուժ, լինեն այսօրվա իշխանությունները, թե նախկին իշխանության ներկայացուցիչները, կամ նրանց հետեւորդները, այդ գործընթացի վրա որեւէ քաղաքական բաղադրիչով ազդեցություն չունենան, չստվերեն իրավական գործընթացը քաղաքական բաղադրիչով, մենք ասացինք, որ իրավական գործընթացը սկսելու ենք, երբ այս գործով քննությունը կայանա»,-ասաց Տարոն Սիմոնյանը:
Նա հավելեց, որ Քոչարյանի փաստաբանների կողմից դիմումի հետ վերցնելու փաստը նորմալ են գնահատում:
«Թող վերցնեն, բայց գործը քննվելու է: Եթե ՍԴ-ն ասի, որ չի քննվելու այս գործը, մեր ասած պայմանն ուժի մեջ է: Ոչ ոք այս պայմանից հետ չի կանգնում: Մենք կարծում ենք, որ հակասահմանադրական գործընթացների սահմանադրականության վիճարկումը մաքուր իրավական գործընթաց է, եւ որեւէ քաղաքական գործիչ չպետք է դա շահարկի սեփական քաղաքական նպատակներով: Այն, որ պաշտպանները հետ են վերցրել դիմումը, դա դեռ չի նշանակում, որ գործը չի քննվելու հուլիսի 7-ին»:
Կարծիքներ