Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ.Հայկ Խանումյան
ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Քանի որ ապատեղեկատվությունը, ուղղորդված տեղեկատվական գրոհները չափն անցել են, հրապարակեմ մի քանի փաստ.
-Օգոստոսի կեսերին Աղավնոյի էլեկտրականությունն անջատվել էր Բերձորի ենթակայանից, Աղավնոն և Բերձորը սկսել էին էլեկտրաէներգիա ստանալ Ստեփանակերտից եկող գծով: Օրեր անց բռնկված հրդեհը վառել էր էլեկտրագծի սյուները, ոչնչացրել նոր քաշած գիծը:
-Բերձորում թալանվել էր տրանսֆորմատորների յուղը:
-Բերձորում բռնկված հրդեհը լուրջ սպառնալիքներ է ստեղծել ՀՀ-ից Արցախ եկող բարձավոլտ էլեկտրագծի համար:
-Աղավնոյի հատվածում թալանվել է օպտիկամանրաթելային մալուխը, ինչի պատճառով որոշ ժամանակ Արցախն առանց ինտերնետի էր:
-Մետաղի ջարդոն գողացողների կողմից թալանվել, ոչնչացվել էին կապի աշտարակները:
Մենք և այլ պետական մարմիններ ևս կոչ ենք արել չհրդեհել տները, չքանդել, չթալանել ենթակառուցվածքները: Պետական կառույցներն ավելի շատ ինֆորմացիայի են տիրապետում և որոշումներ ընդունելիս ավելի շատ հանգամանքներ են հաշվի առնում, քան ֆեյսբուքյան ակտիվիստները: Եթե որոշումներն այդպես են ընդունվել, ուրեմն պետք է կատարվեն: Ցավոք, տեղեկատվական տեռորը զգալիորեն թուլացրել է պետական կառույցների մարտահրավերներին արձագանքելու ունակությունը (սա մեր կառավարման համակարգի թերություններից է):
Եվ արդյունքում ստացվում է այնպես, որ ինչ-որ դասալիք ՛՛ակտիվիստ՛՛ կարող է նստել տաքսի, գալ Աղավնո կամ Բերձոր, հրդեհ հրահրի կամ հրդեհի տուն/տարածք, թողնի գնա, ու ինքն ավելի հայրենասեր լինի, քան պետական կառույցների աշխատակիցները, որոնք մտածում ու գործում են ենթակառուցվածքների անխափան գործունեության համար, իրենց ընտանիքներով ապրում են Արցախում, մասնակցել են պատերազմին և ամեն օր առնչվում են անվտանգային խնդիրների վերաբերյալ որոշումներ ընդունելուն կամ կատարելուն:
Փաստերը, հանգամանքները վերլուծելու ունակության բացակայությունը սոցիալական ցանցերի մեր օգտատերերին կամ թե ակամա դարձրել են Արցախի պետական կառույցների դեմ մղվող տեղեկատվական պատերազմի զինվորներ:
Մեր օրերում, երբ տեղեկատվությունը բազմազան է, մեծ դեր ունեն ապատեղեկատվությունը և մանիպուլյացիաները, հեղինակությունները դադարում են գոյություն ունենալ: Նույնիսկ օրուգիշեր կենսական հարցեր լուծող անձինք կարող են ոչնչացվել ապատեղեկատվական գրոհի հետևանքով: Նման պարագայում միակ ելքը պետական կառույցների կարողություններն ուժեղացնելն է, պետական կառույցների դիրքն ամրապնդելը: Այս կառույցների դեմ պատերազմը, ինչին ականատես ենք լինում այս օրերին, Արցախում կազմակերպչական ամենամեծ ներուժ ունեցող ուժի (պետական կառույցների) դեմ պատերազմ է»:
Կարծիքներ