Նիդեռլանդների արդարադատության նախարարը ներողություն է խնդրել իր հարսանիքին սոցիալական հեռավորության բացակայության համար
Նիդեռլանդների արդարադատության և անվտանգության նախարար Ֆերդ Գրապերհաուսն ափսոսանք է հայտնել իր հարսանիքի ժամանակ սոցիալական հեռավորության բացակայության համար, հաղորդում է NOS-ը:
Գրապերհաուսի հարսանիքը տեղի է ունեցել շաբաթ օրը, իսկ տոնակատարության լուսանկարներում քաղաքապետարանի աստիճաններին միմյանց մոտ կանգնած մարդիկ են:
Նախարարն ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների պատճառով հարսանիքն ընդամենը փոքրիկ միջոցառում է եղել, որին մասնակցել են միայն ընտանիքի անդամներն ու մտերիմները:
Գրապերհաուսը հավելել է, որ հարսանիքից առաջ և օրվա ընթացքում նա հյուրերին անընդհատ հիշեցրել է, որ միմյանցից հեռու մնան և հարգեն կանոնները:
Սակայն նա ընդունել է, որ չնայած այդ նախազգուշական միջոցառումներին, հյուրերը միշտ չէ, որ պահել են սահմանված 1.5 մետր հեռավորությունը:
«Ես հասկանում եմ, որ մարդիկ քննադատում են հրապարակված լուսանկարները հենց այն պատճառով, որ ես, որպես արդարադատության և անվտանգության նախարար, անդադար շեշտում եմ միջոցառումների կատարման կարևորությունը»,- գրել է Գրապերհաուսը Twitter-ում՝ հավելելով, որ «ցավում է, մանավանդ որ նախարարը միշտ պետք է օրինակ ծառայի»:
Կարծիքներ