Առաջիկայում անպայման քննարկելու ենք Ընտրական օրենսգրքի համապարփակ փաթեթը. Մակունց

Առաջիկայում անպայման քննարկելու ենք Ընտրական օրենսգրքի համապարփակ փաթեթը. Մակունց

Իշխանությունը, Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագիծ ներկայացնելով, չի հրաժարվում Ընտրական օրենսգրքի համապարփակ փաթեթից, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում: Այս մասին ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը:

Մակունցը հիշեցրեց, որ 2018-ին «Իմ քայլը» դաշինքի նախընտրական խոստումը և քաղաքական հանձնառությունն է եղել՝ 7-րդ գումարման ԱԺ-ի ընթացքում ընդունել  Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որով կնախատեսվի ռեյտինգային ընտրակարգից հրաժարում և պարզ համամասնական ընտրակարգի անցումը: «7-րդ գումարման ԱԺ-ն ձևավորվել է 2019-ի հունվարին, նույն տարվա ամառվանից ձևավորվել է աշխատանքային խումբ, որը ներառելով խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, առանձին մասնագետների, քննարկել է Ընտրական օրենսգրքի նոր փաթեթը: 2020-ի աշնանը նախատեսվում էր ընդունել այս Ընտրական օրենսգիրքը, սակայն պատերազմով պայմանավորված, այն հետաձգվել է և այդ իսկ պատճառով փաթեթը Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու համար ուղարկվել է 2021-ի փետրվարին»,-ասաց Մակունցը:

Նա վստահեցրեց, որ այս ընթացքում խորհրդակցություններ են ունեցել խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերի հետ, մասնագիտացված կառույցների հետ, նախագահի ինստիտուտի հետ քննարկվելով նախագիծը, եկել են այն եզրակացության, որ որպեսզի որևէ կերպ Ընտրական օրենսգիրքը չբարդացնի առաջիկա ընտրությունները և ավելի պարզեցնեն ընտրությունների ընթացքը, այս փոքր փաթեթով միայն փոփոխություն կատարեն համամասնական ընտրակարգի վերաբերյալ և անցում կատարեն ամբողջապես պարզ համամասնական ընտրակարգի: «Սա չի նշանակում հրաժարում՝ ամբողջ Ընտրական օրենսգրքից, և մենք առաջիկայում անպայման քննարկելու ենք նաև համապարփակ փաթեթը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Իշխանությունը նոր Ընտրական օրենսգրքի փաթեթն ուղարկել է Վենետիկի հանձնաժողով՝ կարծիք ստանալու: ԱԺ-ում քննարկվող նախագծով առաջարկվում է հանել ռեյտինգային ցուցակը՝ ընտրությունների գնալով մաքուր համամասնական ընտրակարգով, նաև նախատեսվում են որոշակի կարգավորումներ՝ համավարակի պայմաններում ընտրությունների անցկացման առնչությամբ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում