Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին է ներկայացրել ԼՂ ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արդարադատության փոխնախարար Ասկար Ջալալիանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։
Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Աննա Վարդապետյանն իրանցի գործընկերներին տեղեկացրել է սեպտեմբերի 19-ի առավոտյան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի մասին՝ ընդգծելով, որ Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց և ցեղասպան քաղաքականությունը:
Գլխավոր դատախազն ընդգծել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից թիրախավորվում են քաղաքացիական բնակչությունը և ենթակառուցվածքները, առկա են զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Այս համատեքստում ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է Հայաստանի և Իրանի բազմադարյա բարեկամությունը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային անվտանգության ապահովման համատեքստում հայ-իրանական հարաբերություններն ամրապնդվում են:
ԻԻՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ Իրանը մտահոգված է ստեղծված իրավիճակով և ընդգծել, որ Իրանի ջանքերն ուղղված են տարածաշրջանում խաղաղության ապահովմանն ու ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել օրակարգային մի շարք հարցերի:
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել՝ հայ-իրանական իրավական հարցերով կոմիտեի անդրանիկ նիստին մասնակցելու նպատակով:
Կարծիքներ