Քննարկվել է «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է անցկացրել Հայաստանում Շվեդիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնի, Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Գալագերի եւ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Միխաելա Ստոյկոսկայի մասնակցությամբ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Ներկաները քննարկել են համատեղ գործընկերության շրջանակներում իրականացվող «Նոր Հայաստան, ժամանակակից խորհրդարան» ծրագրի ընթացքը, որն ուղղված է Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը: Նախանշվել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հաջորդ քայլեր:
Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ գործընկերների հետ համագործակցությունը այս եւ այլ ծրագրերի շրջանակում կշարունակվի նաեւ հունիսին տեղի ունենալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, երբ իր աշխատանքները կսկսի Ազգային ժողովի նոր գումարումը:
Կարծիքներ