Ինչու է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը

Ինչու է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. մանրամասնել է Ռուբեն Ռուբինյանը

Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր «Ազատության» եթերում անդրադարձել է այն հարցին, թե ինչո՞ւ է Հայաստանը շտապում ճանաչել Ադրբեջանի կազմում Արցախը, եթե առայժմ դրա դիմաց ոչինչ չի ստացել։

Ըստ նրա՝ Հայաստանը իր քայլերը արել է դեռ 1991 թվականին։

«Նախ Հայաստանն ինչ արել է, արել է 1991-ին: Հետևաբար ի՞նչ շտապել կամ չշտապելու մասին է խոսքը: Արտերկրյա քննադատներն ասում են, որ 2022-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ինչ-որ նոր բան արեցին, բայց 2022-ին Պրահայում Հայաստանն ու Ադրբեջանը ընդամենը վերահաստատեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ համաձայն 1991 թվականին վավերացված հռչակագրի և արձանագրությունների հիման վրա»,- հիշեցրել է նա:

Ռուբինյանը նկատել է, որ ընդհանրապես արդեն երկար ժամանակ է՝ Հայաստանի ներքաղաքական դաշտում կամ առնվազն խորհրդարանում փիլիսոփայական բանավեճ է. «Հարցը հետևյալն է՝ Հայաստանը պիտի ունենա՞ սահմաններ, թե՞ ոչ: Օրինակ՝ ես մեկ-մեկ տպավորություն ունեմ, որ մեր ընդդիմադիր գործընկերները դիրքորոշում ունեն, որ Հայաստանը սահմաններ չպիտի ունենա, բնականաբար, այն մտքով, որ երևի հնարավոր լինի այդ սահմանն ընդարձակել անվերջ: Բայց նրանք չեն հասկանում, որ այդ սահմանները ոչ միայն կարող են ընդարձակվել, այլև հակառակ ուղղությամբ ընդարձակվել: Մեր դիրքորոշմամբ՝ Հայաստանն ունի սահմաններ, մեր որոշելով չէ՝ կունենա՞, թե՞ ոչ»:

Նրա խոսքով՝ այդ սահմանները նախկին խորհրդային հանրապետության սահմաններն են, որոնք դարձել են միջազգային 1991 թվականին ընդունված Ալմա-Աթայի հռչակագրով։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից փոխադարձ հայտարարություն անելուն, որով նա կհայտարարի, որ ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Ռուբինյանը այս հարցում կարևորել է ԵԽ նախագահի հայտարարությունը:

«Տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին առաջինը հայտարարել է Շառլ Միշելը։ Ասել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, դրանից հետո ադրբեջանական կողմից որևէ անհամաձայնություն կամ հերքում չի հնչել: Կա նաև վատ մասը, որ Ադրբեջանը ինքնին չի հայտարարել դրա մասին, ինչը խնդիր է: Մենք կարծում ենք, որ Ադրբեջանը պիտի հայտարարի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում