ԼՂ-ից տեղահանվածների հաշվառման գործընթացի վերջնաժամկետ է սահմանվել. Արմեն Ղազարյան
Հոկտեմբերի 17-ից դադարեցվել է տեղերից՝ ՀՀ տարածքում գործող 64 հումանիտար կենտրոններից ուղիղ մուտքագրումը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տվյալների կենտրոնացված հաշվառման շտեմարան: Ըստ էության, բռնի տեղահանվածների ճնշող մեծամասնությունն արդեն իսկ հաշվառվել է:
Այս մասին հայտնել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը
«Ունենք հաշվառված և նույնականացված 101 հազար 848 ԼՂ-ից բռնի տեղահանված անձի տվյալներ, որոնցի 48 հազար 964-ը՝ արական սեռի, 52 հազար 884-ը՝ իգական: Մնացած բոլոր դեպքերում բռնի տեղահանված անձինք կարող են մոտենալ տեղական ինքնակառավարման մարմիններ, Երևանի պարագայում՝ թաղապետարաններ, մարզերի պարագայում՝ համայնքապետարաններ, և ներկայացնել իրենց տվյալները:
Այդ տվյալները թղթային տարբերակով կֆիքսվեն, այնուհետև կփոխանցվեն Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն, որտեղ լրացուցիչ ուսումնասիրությունների, այլ տվյալների շտեմարանների հետ համադրման և ճշգրտման արդյունքում՝ նոր տվյալները կմուտքագրվեն ԼՂ-ից բռնի տեղահանվածների վերաբերյալ տվյալների շտեմարան:
Մենք սահմանել էինք վերջնաժամկետը հոկտեմբերի 25-ը: Ըստ այդմ՝ կոչ ենք անում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին հանրապետության տարածքում, որտեղ էլ որ նրանք լինեն, մինչև հոկտեմբերի 25-ը վերջնականորեն հաշվառվեն, եթե ինչ-ինչ պատճառներով դեռևս չեն հաշվառվել:
Մենք գիտենք, որ նման անձանց թիվը բավականին քիչ է»,- ասել է Արմեն Ղազարյանը:
Կարծիքներ