Գրոսին Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումն անվանել է «անխոհեմ»
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ ապրիլի 7-ին Զապորոժիեի ատոմային էլեկտրակայանի ռեակտորի պաշտպանիչ պատյանի հիմնական կառուցվածքի վրա առնվազն 3 ուղիղ հարված է կատարվել։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X սոցիալական հարթակում Գրոսին գրել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ում ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը 2022 թ․ նոյեմբերից առաջին անգամ է ռեակտորի պաշտպանիչ կառուցվածքների վրա ուղիղ հարված արձանագրում։
«Վստահաբար, ոչ ոք երբեք չի կարող օգուտ քաղել կամ ստանալ ռազմական կամ քաղաքական առավելություն միջուկային օբյեկտների դեմ հարձակումներից: Դա անթույլատրելի է», - գրել է Գրոսին։
Նա ռազմական որոշումներ կայացնողներին կոչ է արել զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են «խախտել միջուկային օբյեկտների պաշտպանության հիմնարար սկզբունքները»։
Ապրիլի 7-ին ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել էր, որ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Նա չի հստակեցրել, թե հակամարտության որ կողմն է այն արձակել։
ՄԱԳԱՏԷ-ն հայտնել է, որ հայտնի է առնվազն 1 զոհի և 6-րդ էներգաբլոկում ավերածությունների մասին։ Այնուամենայնիվ, ըստ գործակալության, միջադեպը չի վտանգել միջուկային անվտանգությունը։
«Սա Եվրոպայի ամենամեծ ԱԷԿ-ը պաշտպանելու հիմնարար սկզբունքների հստակ խախտում է։ Նման անխոհեմ հարձակումները զգալիորեն մեծացնում են միջուկային խոշոր վթարի վտանգը և պետք է անհապաղ դադարեցվեն», - ասել է Գրոսին։
«Ռոսատոմ»-ը հայտարարել է 3 վիրավորի մասին, որոնցից մեկի վիճակը ծանր է։
Ռուսական կողմը պնդում է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ին հարվածել են ուկրաինական անօդաչու թռչող սարքերը։ Ուկրաինայի գլխավոր հետախուզության վարչությունը հայտարարել է, որ Ուկրաինան ներգրավված չէ «Ռուսաստանի կողմից ապօրինաբար օկուպացված Զապորոժիեի ատոմակայանի տարածքում ոչ մի զինված սադրանքների մեջ»։
Զապորոժիեի ատոմակայանը Եվրոպայի խոշորագույն ատոմակայաններից մեկն է, որը 2022 թ․ գարնանից անցել է ռուսական ուժերի վերահսկողության տակ։
Այն պարբերաբար ենթարկվում է գնդակոծությունների, ինչի համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են միմյանց։
Կարծիքներ