Արկտիկական ամենահին սառույցը ճեղքվել է
Մանիտոբայի համալսարանի (Կանադա) հետազոտողները գրանցել են հսկայական ճեղքվածքի ձևավորում Արկտիկայի ամենահին սառույցներից մեկում`Էլլսմիր կղզու հյուսիսային շրջանում: Ճեղքվածքի չափը համեմատելի է Լյուքսեմբուրգի տարածքի հետ (3000 քառ. կմ),-գրում է Phys.org- ը:
Դեռ 2020 թվականի մայիսին գիտնականները Գրենլանդիայի հյուսիսում գրանցել էին առաջին ճեղքը: Ըստ փորձագետների՝ այն բացվել է երկու շաբաթվա ընթացքում ուժեղ քամիների ազդեցության տակ:
«Նախկինում ոչ ոք այս տարածքում որևէ ճաք չի տեսել: Էլլսմիրից հյուսիս ընկած սառույցը, որն այնքան հաստ է, դժվարությամբ է շարժվում և հալչում»,- ասում է Տորոնտոյի համալսարանի արկտիկական հետազոտող Քենթ Մուրը:
Սառցաշերտի մթնոլորտային տվյալների և պատկերների վերլուծության ժամանակ փորձագետները պարզել են, որ այս վայրում սառույցը երկու անգամ արդեն ճեղքվել էր` 1988 -ին և 2004-ին: Բայց այն ժամանակ ոչ ոք դրան ուշադրություն չէր դարձնում:
Էլլսմիր կղզու տարածքում սառույցի տեղաշարժը վերլուծելուց հետո գիտնականները եկել են այն եզրակացության, որ Երկրի վերջին սառցե գոտին այնքան էլ դիմացկուն չէ կլիմայի փոփոխության նկատմամբ, ինչպես ենթադրվում էր:
«Ամեն տարի Արկտիկայում սառույցը նոսրանում է, և սառցե անցքերն ավելի հաճախ են հայտնվում»,- ասված է հրապարակված հետազոտության մեջ:
Գիտնականները բացատրել են, որ այդ շարժումները երկարաժամկետ հեռանկարում հանգեցնում են սառցաբեկորի ոչնչացման և նպաստում սառույցի հալեցմանը:
«Այս տարածքում անցքերի ձևավորումը բավականին անսովոր է: Դա նման է տարածաշրջանին բնորոշ կոշտ սառցաբեկորի ճեղքի: Այսպիսով, այն, ինչ տեղի է ունենում, ցույց է տալիս, որ Արկտիկան իրականում փոխվում է», – ասում է համալսարանի փորձագետ Դեյվիդ Բաբը:
Ավելի վաղ Բրիտանական Aberystwyth համալսարանի և Կալիֆոռնիայի NASA-ի ռեակտիվ շարժման լաբորատորիայի գիտնականները եկել էին այն եզրակացության, որ Արկտիկայի սառույցի հալեցումը կարող է հանգեցնել սառը պատերազմից ռադիոակտիվ թափոնների, ինչպես նաև հակաբիոտիկակայուն բակտերիաների և նոր վիրուսների արտանետմանը շրջակա միջավայր:
Կարծիքներ