Խորհրդարանականներին պատվիրակության կազմում ընդգրկելով՝ մենք կարևոր ուղերձ կհղենք Լիբանանի մեր գործընկերներին. պատգամավոր
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում տեղի ունեցած ուժգին պայթյունը ցնցել է աշխարհը։ Կատարվածի հետևանքով զոհվել է ավելի քան հարյուր քաղաքացիներ, վիրավորների թիվը հաշվվում է հազարներով, Լիբանանի կրած նյութական կորուստները գնահատվում են 5 և ավելի միլիարդ դոլար։ Արդեն երկու օր է՝ աշխարհի գրեթե բոլոր պետությունները օգնության ձեռք են մեկնում Լիբանանին։ Այդ գործընթացից անմասն չէ նաև Հայաստանը։ Լիբանանը մեզ համար ունի երկակի նշանակություն։ Այն մի կողմից՝ Մերձավոր Արևելքում մեր բացառիկ բարեկամ ու դաշնակից պետություններից է, մյուս կողմից՝ այդ երկրում է ապրում հայկական ամենաբազմամարդ համայնքներից մեկը։ Հետևաբար, Հայաստանը՝ որպես պետություն, երկակի պարտք ունի՝ ձեռք մեկնելու Լիբանանին այս դժվարին օրերին։
Կառավարության այսօրվա նիստում հայտարարվեց, որ, նախնական տեղեկություններով, առաջիկա շաբաթ օրը Երևանից ինքնաթիռ կմեկնի Բեյրութ, որը Լիբանան կհասցնի մարդասիրական օգնություն, այս պահին՝ առաջնային անհրաժեշտություն ունեցող պարագաներ։ Թռիչքը կազմակերպվելու է ՀՀ Սփյուռքի հանձնակատարի համակարգմամբ։ Կարծում եմ սակայն, որ Լիբանանին մեր կողմից հասցեագրվող օգնության մակարդակն ավելի բարձրացնելու ու պետական հարթությունում մեր պատրաստակամությունն ընդգծելու համար ցանկալի է Բեյրութ մեկնող պատվիրակության կազմը համալրել Ազգային ժողովի համապատասխան՝ Սփյուռքի, մշակույթի, երիտասարդության, արտաքին հարաբերությունների, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովների անդամներով։ Վերջին երկու հանձնաժողովների ղեկավարների հետ արդեն իսկ ունեցել եմ նախնական քննարկում, և նրանց մոտ կա ընկալում, որ խորհրդարանականներին պատվիրակության կազմում ընդգրկելով՝ մենք կարևոր ուղերձ կհղենք Լիբանանի մեր գործընկերներին։
Շաբաթ օրը կայանալիք Երևան-Բեյրութ չվերթն, իհարկե, շատ կարևոր, անհրաժեշտ քայլ է, սակայն վստահաբար, մենք չենք կարող սահմանափակվել միայն դրանով։ Անհրաժեշտ է ավելի լայնածավալ, ավելի մեծամասշտաբ օգնություն։ Շատ ցանկալի կլիներ, որ հրատապ կարգով կազմակերպվեր մեր բարձրակարգ փրկարարների ժամանումը Լիբանան, կարճաժամկետ գործուղմամբ Բեյրութ կարող են մեկնել նաև նույն Լիբանանում, հարևան Սիրիայում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբերի համապատասխան մասնագետները՝ բժիշկները, սակրավորները, փրկարարները։
Վերջին օրերին Լիբանանում տեղի ունեցածի վերաբերյալ հանրային–քաղաքական, սոցցանցային քննարկումներում գերակշռում է տեսակետ, որ Հայաստանն առաջին հերթին պետք է օգնի լիբանանահայ համայնքին։ Դա, իհարկե, այդպես է, մենք պետք է անենք առավելագույնը Լիբանանում բնկավող մեր հայրենակիցներին աջակցելու համար։ Սակայն չափազանց կարևոր է, որպեսզի Հայաստանի օգնությունը չսահմանափակվի միայն հայկական համայնքով կամ չլինի այդպիսի ընկալում։ Մենք՝ որպես պետություն, պարտավոր ենք ամենաբարձր մակարդակով օգնել Լիբանան պետությանը, որի մաս է կազմում հայկական համայնքը։ Հետևաբար, Լիբանան ուղարկվող նյութական ու մարդկային օգնությունը պետք է ունենա երկու հիմնական ուղղություն՝ պետական և համայնքային։ Առաջին ուղղությամբ մենք պետք է հավուր պատշաճի պետական մակարդակով կազմակերպենք աջակցությունը բարեկամ երկրի կառավարությանը։ Իսկ երկրորդ՝ համայնքային ուղղությամբ մենք պետք է մոբիլիզացնենք համահայկական ներուժը՝ աշխարհասփյուռ հայությանը համախմբելով լիբանանահայերին բոլոր հնարավոր միջոցներով օգնելու, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև հայրենիք տեղափոխելու գործում։
Լիբանանում տեղի ունեցածն իսկական արհավիրք է այդ երկրի համար։ Պայթյունի վնասները բազմապատիկ ավելի են, քան թվում էր դրան հաջորդող ժամերին։ Մեր բարեկամ պետությունը՝ Լիբանանը կանգնած է երկիրը կորցնելու գոյաբանական վտանգի առաջ։ Իսկ դա նշանակում է, որ մենք բոլոր մակարդակներով ու բոլոր հնարավոր միջոցներով պետք է աջակցենք եղբայրական երկրին այս դժոխային ճգնաժամը հաղթահարելու համար։ Լիբանանը Հայաստանի կարևորագույն ռազմավարական դաշնակիցն է Մերձավոր Արևելքում, առանց Լիբանանի, առանց ուժեղ ու կայացած Լիբանանի հայկական պետական ու համայնքային շահերը Մերձավոր Արևելքում կիրացվեն ու կպաշտպանվեն շատ ավելի նվազ չափով, քան այսօր։ Հետևաբար՝ մենք պետք է անենք առավելագույնը նաև մեր շահերի ու մեր հայրենակիցների պաշտպան Լիբանանին աջակցելու ու այն ոտքի կանգնեցնելու համար։
Աստված պահապան Լիբանան պետությանն ու Լիբանանի ժողովրդին։
Կարծիքներ