Վարչապետը և «Էյր Արաբիա» ընկերության տնօրենը քննարկել են համագործակցության զարգացման հեռանկարները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Էյր Արաբիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ադել Ալ Ալիին:
Վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և «Էյր Արաբիա» ընկերության միջև քաղաքացիական ավիացիայի բնագավառում ծավալված գործընկերությունը, որի շրջանակում ստեղծվել և արդյունավետ գործում է «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը հետաքրքրված է փոխշահավետ գործակցության հետագա խորացմամբ:
«Էյր Արաբիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը, գոհունակություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության կապակցությամբ, նշել է, որ այն զարգանալու մեծ ներուժ ունի: Նա «Էյր Արաբիա» ընկերության պատրաստակամությունն է հայտնել՝ շարունակելու և ընդլայնելու համատեղ ծրագրերը:
Կողմերը քննարկել են Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և «Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող «Ֆլայ Արնա» ավիաընկերության զարգացման հեռանկարները: Քաղաքացիական ավիացիայի հզորացման և զբոսաշրջային հոսքերի ավելացման համատեքստում անդրադարձ է եղել ուղևորափոխադրումների ծավալի ավելացմանը, սպասարկման որակի շարունակական բարելավմանը, չվերթերի աշխարհագրության ընդլայնմանը վերաբերող և այլ հարցերի:
Կարծիքներ