Շվեյցարիայում արգելվել է դեմքը ծածկող հագուստը
Կիրակի շվեյցարացիները «ոչ» ասացին դեմքը ծածկող հագուստին: Հանրաքվեի մասնակիցների 51,2 տոկոսն իր ձայնը տվեց դեմքը ամբողջովին ծածկող հագուստ կրելու արգելքին:
Ըստ Associated Press գործակալության՝ արգելքը կանդրադառնա մահմեդական կանանց նիկաբ ու փարաջա հագուստներին, ինչպես նաև լեռնադահուկային դիմակներին ու դեմքին կապած բանդանաներին, որոնք հաճախ կարելի է տեսնել բողոքի ակցիաների ժամանակ:
Նոր օրենքով դեմքը ծածկելը կարգելվի, մասնավորապես, ռեստորաններում, մարզադաշտերում, հասարակական տրանսպորտում կամ պարզապես փողոցում: Բացառություններ են արվում կրոնական հաստատությունների և այն մարդկանց համար, ովքեր առողջական նկատառումներով են դիմակ կրում: Տոն օրերին չեն արգելվի նաև COVID-19-ի կամ կառնավալային դիմակները:
AP-ն նշում է, որ երկրի իշխանությունները երկու տարի ժամանակ ունեն համապատասխան օրինագիծ մշակելու համար:
Օրինագծի հակառակորդները պատճառաբանում են, որ արգելքը հարված կհասցնի զբոսաշրջությանը: Արաբական հարուստ երկրների մահմեդական կանանց մեծ մասը կրում փարաջա կամ նիկաբ:
Կարծիքներ