Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել MTK Global ընկերության հետ և հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում

Հովհաննես Բաչկովը պայմանագիր է կնքել MTK Global ընկերության հետ և հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Հայաստանի բազմակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովն այսուհետ հանդես կգա նաև պրոֆեսիոնալ ռինգում. անվանի մարզիկը պայմանագիր է կնքել միջազգային MTK Global հեղինակավոր մենեջերական ընկերության հետ:

«MTK Global-ը հպարտ է հայտնել, որ պայմանագիր է կնքել սիրողական բռնցքամարտի աստղ, համաշխարհային կարգ ունեցող մարզիկ Հովհաննես Բաչկովի հետ. նա այսուհետ հանդես կգա պրոֆեսիոնալ ռինգում»,- ասվում է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Բաչկովն էլ իր հերթին նշել է, որ արդեն ժամանակն էր տեղափոխվելու պրոֆեսիոնալ ռինգ, ինչի առթիվ ինքը շատ ոգևորված է.

«Արդեն ժամանակն էր անցնելու պրոֆեսիոնալ ռինգ, իսկ MTK Global-ը լավագույն մենեջերական ընկերությունն է՝ բազմաթիվ չեմպիոններով: Ես շատ հիշողություններ ունեմ կապված սիրողական բռնցքամարտում իմ մենամարտերի հետ, բայց ես դեռ չեմ հասել բռնցքամարտում իմ նպատակին: Որպես պրոֆեսիոնալ մարզիկ՝ ես ցանկանում եմ աշխարհի չեմպիոն դառնալ ու իմ քաշային կարգում լինել լավագույնը:

Ուրախ եմ, որ եղել եմ սիրողական բռնցքամարտում, մասնակցել եմ բոլոր մրցաշարերին ու բազում հաղթանակներ եմ տարել, բայց հիմա շատ ոգևորված եմ, որ հանդես եմ գալու պրոֆեսիոնալ ռինգում»,- ասել է Բաչկովը:

MTK Global-ի փոխնախագահ Ջեյմի Քոնլանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք շատ ուրախ են, որ կարողացել են պայմանագիր կնքել հայ մարզիկի հետ.

«Մենք շատ ուրախ ենք այս համագործակցության համար: Հովհաննեսն աշխարհի լավագույն սիրողական բռնցքամարտիկներից է, և մի շարք մեդալներ է նվաճել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում, ինչպես նաև դարձել է Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերի մասնակից:

MTK-ում մենք կարող ենք հպարտ լինել, որ թերևս միակ մենեջերական ընկերությունն ենք, որ իսկապես գլոբալ է՝ համագործակցելով բռնցքամարտիկների հետ ամբողջ աշխարհից»,- ասել է նա:

Հաղորդվում է, որ Հովհաննես Բաչկովի՝ պրոֆեսիոնալ ռինգում դեբյուտային մենամարտի անցկացման ժամկետների մասին կհաղորդվի շուտով:

MTK Global (Mack The Knife Global) ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականին և համագործակցել է այնպիսի անվանի բռնցքամարտիկների հետ, ինչպիսիք են Թայսոն Ֆյուրին, Բիլի Ջո Սոնդերսը, Ջոշ Թեյլորը, Թերի Ֆլենագանը, Չարլի Էդուարդսը և այլք:

Նշենք նաև, որ մինչև 15 պրոֆեսիոնալ մենամարտ անցկացնելը՝ Բաչկովը կարող է մենամարտել նաև սիրողական մակարդակում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում