Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան

Տեղի է ունենում շատ ցավոտ անցում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց, թե ինչ գործընթացներ են տեղի ունենում Հայաստանում և ինչու են այդ գործընթացները ցնցումներ առաջացնում։ Վարչապետը նաև ներկայացրել է, թե որն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունը այս ամենում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստին վարչապետը կարևոր համարեց խոսել այս գործընթացների մասին։

«Իմ գնահատմամբ շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է մեզ հետ տեղի ունենում։  Ես, օրինակ, այս խնդրի, այս հարցի պարզաբանմանը շատ ժամանակ եմ տրամադրում, որովհետև պետք է արձանագրել, որ մեզ հետ տեղի ունեցածը, շատ իրադարձություններ և իրավիճակներ  ցնցում են մեզ համար․ դրանք և՛ պետության առումով են ցնցում, և՛ մեզանից յուրաքանչյուրի համար անհատական առումով են ցնցում։ Բայց շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունենում և ինչո՞ւ։

Երկու օր առաջ Ազգային ժողովի հարց ու պատասխան տեղի ունեցավ, և պատգամավորներից մեկն իր հարցի մեջ օգտագործեց պատմական Հայաստան արտահայտությունը, ես էլ արձագանքեցի, որ ես պատմական Հայաստանի վարչապետը չեմ, ես իրական Հայաստանի, այս Հայաստանի վարչապետն եմ։ Եվ ես ուզում եմ ձեզ հետ կիսել այն միտքը, որ, իմ կարծիքով, տեղի է ունենում ունենում հետևյալը՝ առաջին հերթին մեր մտքերում, ինչ-որ առումով նաև ֆիզիկապես  շատ ցավոտ անցում է տեղի ունենում պատմական Հայաստանից դեպի իրական Հայաստան»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետը կարևոր համարեց այս գործընթացի հետ առևերեսվել՝ որպես Հայաստանում կառավարող ուժ։

«Մենք պետք է այս պրոցեսը հասկանանք և այս պրոցեսի մասին մենք պետք է նախ ինքներս մեր մեջ խոսենք և հետո խոսենք ժողովրդի հետ»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաքելությունն է առաջնորդել և ապահովել Հայաստանի ժողովրդի և պետության անցումը պատմական Հայաստանից իրական Հայաստան և ապահովել իրական Հայաստանի ինստիտուցիոնալ զարգացումը։

«Կարծում եմ, որ եթե մենք այս ընտրությունը չկատարենք և պատմական Հայաստանը լինի մեր գործողությունների մոտիվացիան, ես վախենամ, որ շատ մեծ կդարձնենք հավանականությունը, որ իրական Հայաստանը կդառնա պատմական Հայաստնա»,-եզրափակեց Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում