Նոր Զելանդիայում գալիք ընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել
Նոր Զելանդիայում գալիք ընդհանուր ընտրությունները կարող են հետաձգվել, հայտարարել է վարչապետ Ժասինդա Արդերնը, հայտնում է AFP-ն:
Ըստ Արդերնի` երկրի իշխանությունները փորձում են գտնել այն մարդկանց, ովքեր շփվել են Օքլանդի չորս բնակիչների հետ, ում մոտ կորոնավիրուս էր հաստատվել վարակի հաղթահարումից 102 օր անց:
Այսօրվանից Օքլենդում ուժի մեջ է մտել տնից դուրս չգալու պարտադիր պայմանը:
Նշվում է, որ 1.5 միլիոն բնակչությամբ քաղաքի սուպերմարկետներում կրկին խուճապ է տիրում, կորոնավիրուսի ախտորոշման թեստերի հանձնման կետերում հերթեր են գոյացել, դիմակավորված ոստիկաններն արգելափակում են մայրուղիները:
Արդերնը երկրի բնակիչներին նախազգուշացրել է, որ ընտրությունները, որոնք նշանակված էին սեպտեմբերի 19-ին, կարող են հետաձգվել, եթե բռնկումը հնարավոր չլինի զսպել:
«Մենք խորհրդի համար դիմել ենք Ընտրական հանձնաժողովին, որպեսզի համոզվենք, որ բոլոր տարբերակները բաց են մեզ համար: Դեռ որեւէ որոշում չի կայացվել»,- նշել է Նոր Զելանդիայի վարչապետը:
Չորեքշաբթի օրը պետք է տեղի ունենար երկրի խորհրդարանի լուծարումը համընդհանուր ընտրությունների նախօրեին: Սակայն օրենսդիր մարմնի հայտարարության մեջ նշվում է, որ խորհրդարանի լուծարումն այսօր տեղի չի ունենա, սակայն կարող է տեղի ունենալ ցանկացած պահի` մինչեւ 2020 թվականի հոկտեմբերի 13-ը: Այսպիսով, ընտրությունները պոտենցիալ կերպով կարող են հետաձգվել մեկ ամսով:
Կարծիքներ