Լիբիայի ԱՀԿ-ի ուժերը պատրաստվել են Հաֆթարի բանակի վրա հարձակման

Լիբիայի ԱՀԿ-ի ուժերը պատրաստվել են Հաֆթարի բանակի վրա հարձակման

Լիբիայի Ազգային համաձայնության կառավարության (ԱՀԿ) զինված ուժերն ավարտել են անհրաժեշտ բոլոր նախապատրաստությունները Սիրտ և Ալ-Ջուֆրա քաղաքների վրա հարձակվելու համար: Այդ մասին հաղորդել է գործողության շտաբի ներկայացուցիչ Աբդելհադի Դրախը: Նրա խոսքով՝ ուժերը, որոնք գործի են դրվել գործողության մեջ, «ստացել են ռազմական օգնություն և թիկունքային աջակցություն ու պատրաստ են ձեռնամուխ լինել Սիրտի և Ալ-Ջուֆրայի ազատագրմանը», եթե Լիբիայի ազգային բանակի (ԼԱԲ) հրամանատար Խալիֆ Հաֆթարի հետ բանակցությունները՝ այդ քաղաքներից իրենց կազմավորումների դուրսբերման շուրջ, ավարտվեն ձախողմամբ, օգոստոսի 4-ին հաղորդել են լիբիական ԶԼՄ-ները:

Վերջին մի քանի տարվա ընթացքում Լիբիայի արեւմուտքը, ներառյալ Տրիպոլի մայրաքաղաքը, վերահսկում է ԱՀԿ-ն, իսկ արեւելքը՝ Հաֆթարի բանակը, որին աջակցում է Թոբրուք քաղաքում նիստեր գումարող խորհրդարանը: 14 ամիս շարունակ ԼԱԲ-ը փորձել է վերցնել Տրիպոլին: Հունիսին ԱՀԿ-ի ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, վերջ են դրել քաղաքի պաշարմանը և Հաֆթարի ուժերին հետ մղել դեպի Սիրտ-Ալ-Ջուֆրա գիծ, որը համարվում է դեպի Լիբիայի «նավթային մահիկ» տանող դարպասներ: Միջազգային հանրակցությունը ջանքեր Է ներդնում Լիբիայում հրադադարի հասնելու և խաղաղ գործընթաց սկսելու նպատակով: Սակայն թե՛ մեկ, թե՛ մյուս հակամարտող կողմերը նախապայմաններ են առաջադրում բանակցություններ սկսելու համար: Արաբական ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն՝ օրերս Հաֆթարը կոչ է արել ԱՄՆ-ին՝ պաշտպանել Լիբիայի ցամաքային և ծովային սահմանների նկատմամբ միջազգային վերահսկողության գաղափարը, որպեսզի վերջ դրվի Թուրքիայի կողմից Ազգային համաձայնության կառավարությանը զենք մատակարարելուն:

Իր հերթին գործողության շտաբի ներկայացուցիչ Աբդելհադի Դրախը Ռուսաստանին մեղադրել է «երկակի չափորոշիչների» մեջ, պնդելով, որ նա ԱՀԿ-ին աջակցում է խոսքերով, դրա հետ միասին անդրկուլիսային օգնություն է ցուցաբերում Հաֆթարի ուժերին՝ գրում է The Libya Observer թերթը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում