Նարեկ Մկրտչյան այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պարտականությունները կատարող Նարեկ Մկրտչյանն այսօր, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել է Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին: Նախարարն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում։
«Այսօր, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ, այցելել եմ Երևանի Արցախի փողոցում թողնված նորածնին:
Ուժեղ փոքրիկ է․ պայքարել ու կարճ ժամանակում, բժիշկների օգնությամբ, առողջական վիճակը լիարժեք կայունացել է։
Ցավում եմ, որ վերջին շաբաթների ընթացքում սա նորածնին լքելու արդեն երկրորդ դեպքն է։ Երեխայի համար լավագույն վայրն ընտանիքն է, ուստի ծնողները երեք ամիս ժամանակ ունեն, ներկայանալու և նորածինների խնամքn ստանձնելու համար։
Մենք` որպես պետություն, պարտավոր ենք լինել նման ծնողների կողքին՝ խրախուսելու ստանձնել փոքրիկների խնամքը, օգնելու նրանց հոգ տանել երեխաների մասին, հաղթահարել անհաղթահարելի թվացող դժվարությունները։
Իսկ մինչ այդ, նախարարությունն, իր լիազորությունների շրջանակում, կանի ամենը` նորածնին երեխաների խնամքի հաստատություն տեղափոխելու, սիրով ու հոգատարությամբ շրջապատելու համար»։
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին, ոստիկանության Էրեբունու բաժին է ահազանգել Երևանի բնակիչ 28-ամյա Լուսիկ Գ․-ն և հայտնել, որ Արցախի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ նորածին երեխայի են թողել։
Կարծիքներ