Բաքուն «անհիմն և ստերով լի» է որակել Արարատ Միրզոյանի՝ Փարիզում արված հայտարարությունները
Արդբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն մեկնաբանել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ունեցած ելույթը՝ որակումներ տալով դրան ու «անհիմն» որակելով Ադրբեջանին ուղղված մեղադրանքները։
«Մենք կտրականապես մերժում ենք 2023 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 42-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ Ադրբեջանի հասցեին հնչեցված «անհիմն և ստերով լի» մեղադրանքները»,- հայտարարել է ԱԳՆ խոսնակը։
Նա նշել է,թե չի եղել ոչ մի բռնի տեղահանություն, այլ ճիշտ հակառակը՝ Լեռնային Ղարաբաղի հայերն «ինքնակամ են տեղափոխվել Հայաստան»,և հետևաբար, Ադրբեջանին ուղղված մեղադրանքները էթնիկ զտումների մասին միջազգային տարբեր հարթակների «չարաշահում են»:
Անդրադառնալով ԼՂ-ում հայկական մշակութային ու պատմական հուշարձաններին սպառնացող վտանգի մասին ՀՀ ԱԳ նախարարի ահազանգերին՝ Հաջիզադեն նշել է, թե Ադրբեջանի ինքնիշխան տարածքներում գտնվող պատմական և կրոնական հուշարձաններն իբր իրենց սեփական «ազգային մշակութային ժառանգությունն են և պաշտպանված են՝ անկախ իրենց ծագումից, աշխարհիկ կամ կրոնական պատկանելությունից»։
Հաջիզադեն նաև հայտարարել է, թե Հայաստանը «խաթարում է խաղաղության համաձայնագրի հեռանկարները»:
«Հուսով ենք, որ հայկական կողմը բաց չի թողնի տարածաշրջանում խաղաղության հաստատման այս պատմական հնարավորությունը և չի խոչընդոտի տարածաշրջանային կայունության և տնտեսական կայունության ապահովմանն ուղղված ջանքերին, որից կշահի նաև իրեբժնց երկիրը»,- եզրափակել է ԱԳՆ խոսնակը։
Կարծիքներ