ԼՀԿ-ական պատգամավորը կոչ է անում քաղաքացիներին չմասնակցել ոչ իշխանության, ոչ ընդդիմության հավաքներին
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը քաղաքացիներին կոչ է անում փողոց դուրս չգալ, չմասնակցել ոչ իշխանության, ոչ ընդդիմության հրավիրված հանրահավաքներին: Գորգիսյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին որևէ պարագայում դուրս չգալ փողոց, չմասնակցել որևէ հանրահավաքի՝ ոչ միայն վարչապետի հրավիրած հանրահավաքին, այլ վարչապետի դեմ կազմակերպվող հանրահավաքներին: Այս լարված իրավիճակում դա կարող է բերել բախումների: Ամեն ինչ պետք է արվի, որ այս իրավիճակը պարպվի»,-ասաց Գորգիսյանը:
Ըստ նրա՝ դրա համար կարևոր է համարում, որ վարչապետը հրաժարական տա:
Պատգամավորի կարծիքով՝ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարության մեջ որևէ հանցակազմ չկա, դա նրանց կարծիքի արտահայտումն է:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջում է վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավոր շտաբի հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ՝ կոչ անելով իշխանության կողմնակիցներին գնալ Հանրապետության հրապարակ: Ավելի ուշ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում վարչապետը հայտնեց, որ որոշել է պաշտոնից ազատել ՀՀ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: «Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալին և գլխավոր շտաբի պետին: Ես թղթերը արդեն ստորագրել եմ, որին հետևել է գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասել էր Փաշինյանը: Փաշինյանն իր աջակիցների հետ քայլում է Երևանի կենտրոնական փողոցներում:
Ընդդիմադիրների՝ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնությունը ևս կոչ է արել քաղաքացիներին ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում՝ զորակցություն հայտնելու ՀՀ Զինված ուժերին:
Կարծիքներ