Սնունդ և 3000 դրամ. Գալստանյանի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վանաձորի 27-ամյա բնակչի կողմից բողոքի ակցիաներին մասնակցելու համար համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու վերաբերյալ վարույթի նախաքննությունն ավարտվել է:
ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ, ավարտվել է հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի 27-ամյա բնակչի կողմից համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 27-ամյա երիտասարդը, թիրախավորելով սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ բարեգործական հասարակական կազմակերպության շահառուների, օգտվելով վերջիններիս խոցելի վիճակից, նյութապես շահագրգռելու եղանակով, նրանց մասնակից է դարձրել ՀՀ-ում «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության կողմից կազմակերպվող հավաքներին և բողոքի ակցիաներին:
Մասնավորապես, հիշյալ քաղաքացիներից յուրաքանչյուրին տրամադրելով սնունդ և 3000-ական ՀՀ դրամ՝ 27–ամյա երիտասարդը տարբեր օրերի միկրոավտոբուսներով և մարդատար ավտոմեքենայով փոխադրել է նրանց Երևան քաղաք, ինչպես նաև հանրապետության տարբեր մարզեր, որտեղ նրանք մասնակցել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից անցկացված հավաքներին, ինչպես նաև ճանապարհների փակման ակցիային:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 27–ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (4 դրվագ)։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ