Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում վատթարանում է. ԱՀԿ

Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն աշխարհում վատթարանում է. ԱՀԿ

Եվրախորհրդարանի առաջ  ելույթի ժամանակ  Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ  Հեբրեյեսուսը հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի իրավիճակը վատթարացել է, փոխանցում է Aljazeera-ն:

«Համաճարակի առաջին ամսին ԱՀԿ-ն տվյալներ էր ստացել եւ հայտնել էր կորոնավիրուսով վարակման 10 հազար դեպքի մասին, վերջին ամսվա ընթացքում մենք հայտնել ենք արդեն ավելի քան 4 միլիոն մարդու վարակման մասին: Վիճակագրությունից դատելով, հաջորդ շաբաթ սպասվում է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը կհասնի 10 միլիոնի, իսկ մահերի թիվը՝ 500 հազարը կգերազանցի»,-մանրամասնել է Հեբրեյեսուսը:

Նա հստակեցրել է, որ Եվրոպայում իրավիճակի լավացում է նկատվում:

Հիշեցնենք, այս շաբաթ ԱՀԿ տնօրենը հայտնել էր, որ աշխարհը մուտք է գործում  համաճարակի նոր ու վտանգավոր շրջան: Ըստ նրա, դա կապված է այն հանգամանքի հետ, որ մարդիկ հոգնել են տանը նստելուց եւ այլեւս չեն հետեւում մեկուսացման կանոններին: Ընդ որում, վարակը շարունակում է արագորեն տարածվել եւ մնալ մահացու վտանգավոր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում