ՍԴ դատավորները կարող են վիճարկել հարցը ընդհուպ մինչև ՄԻԵԴ. Գյուլումյան
Լրագրողների հետ ճեպազրույցում Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանն ասաց, որ խորհրդարանի ընդունած նախագիծը իր վրա չի ազդում:
«Ամբողջ աշխարհում ընդունված է, որ Սահմանադրական դատարանները քննության են առնում ցանկացած հարց: Եվ մեր Սահմանադրական դատարանը նախկինում էլ քննության է առել «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի դրույթների սահմանադրականության հարցը»,- նշեց Գյուլումյանը:
Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքի մեջ կան կետեր, որոնց իշխող քաղաքական ուժը չի հետևել: Գյուլումյանը, սակայն, հրաժարվեց նախագծին որևէ գնահատական տալուց:
Գյուլումյանը չբացառեց, որ դատավորները կարող են վիճարկել հարցը՝ սպառելով վարչական դատավարության կարգով ներպետական միջոցները և հետո կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Ավելի քան վստահ եմ, որ բոլոր հիմքերն ունեմ մինչև վերջ հասցնելու և հաղթանակելու համար: Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը, կարծում եմ՝ նույնպես չեն լռի: Պաշտոնավարելը ինքնանպատակ չէ: Ես մեկ տարի ժամկետից շուտ Եվրոպական դատարանից վերադարձել եմ՝ լավ հաշվարկելով, որ այդ մի տարվա ընթացքում կստանայի այնքան աշխատավարձ, որ այստեղ կստանայի ընդհուպ մինչև 70 տարի պաշտոնավարելու դեպքում, բայց ես մտածել եմ, որ դեռևս ունեմ այդ ուժը, որ կկարողանամ այնտեղ ձեռք բերված գիտելիքներն օգտագործել այստեղ»,- նշեց Գյուլումյանը:
Հիշեցնենք, որ երեկ խորհրդարանը արտահերթ նստաշրջանի ժամանակ ընդունեց Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ըստ որի կդադարեցվի ՍԴ երեք անդամի պաշտոնավարումը, չորս անդամները կշարունակեն պաշտոնավարել, ՍԴ նախագահի լիազորությունները կդադարեցվեն, Հրայր Թովմասյանը կշարունակի գործել որպես ՍԴ անդամ:
Կարծիքներ