ՄԹ Եվրոպայի հարցերով նախարարը տարածաշրջան այցի ընթացքում կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման նախարարության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին նոյեմբերի 20-ին մեկնարկում է իր այցը Հայաստան և Հարավային Կովկասի մյուս երկրներ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանում Բրիտանական դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը: Կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։
Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։
«Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։
Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար»,- ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է.
«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։
Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:
Բրիտանական դեսպանատան հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։
Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:
«Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար»,- եզրափակվում է հաղորդագրությունը:
Կարծիքներ