Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը շատ բարձր է․ Ֆիդան
Թուրքիան Իսրայելի և Իրանի միջև հակամարտության հավանականությունը գնահատում է շատ բարձր, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նրա խոսքով՝ ինչպես Թուրքիան, այնպես էլ տարածաշրջանը պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը։
«Մենք մեր զգուշացումներն արել ենք պատերազմի սկսվելու պահից։ Մենք ասում էինք՝ այս պատերազմն այստեղ չի դադարի, ավելի հեռուն կգնա և ճեղքեր կառաջացնի։ Մենք տեսնում ենք, որ վայրկյան առ վայրկյան լարվածությունն աճում է։ Գազան վերածվել է բացօթյա գերեզմանոցի, որտեղ տասնյակ հազարավոր մարդիկ ցեղասպանություն են ենթարկվել։ Միջազգային համակարգն ու իրավունքը դարձել են բոլորովին կույր, լուռ ու խուլ։
Ավելի շատ կորուստների բերեց այն փաստը, որ Նեթանյահուի կառավարությունը չընդունեց հրադադարը։ Մենք արդեն կանխատեսել էինք, որ Նեթանյահուն թիրախավորելու է ցանկացած ռազմական թիրախ, որը հասանելի է իրեն»,- ասել է Ֆիդանը։
Թուրքիայի արտգործնախարարը նշել է, որ Իսրայելի ծրագրերն են՝ վերացնել առաջին հերթին ՀԱՄԱՍ-ը, այնուհետև «Հըզբոլլահը», իսկ հետո՝ հութիներին:
«Մեզ համար զարմանալի չէր, որ Իսրայելը հարձակվեց Լիբանանի վրա: Հոկտեմբերի 7-ից սկսած մեր ամենամեծ մտահոգությունն այն էր, որ պատերազմը չտարածվի, բայց Իսրայելը կարծես անում է այն, ինչ նպատակադրված է: Իսրայելի և Իրանի միջև պատերազմի հավանականությունը մեծ է: Մենք և տարածաշրջանը պետք է պատրաստ լինեն դրան: Տարածաշրջանի բնակչության կայունության և անվտանգության համար պատերազմ չպետք է լինի. Եթե Իրանը գործում է սեփական ինքնապաշտպանության համար, դա նաև նրա իրավունքն է»,- ասել է Ֆիդանը։
Կարծիքներ