Լոռու մարզպետը հերքում է Օձունի համայնքապետին ծեծելու մասին լուրերը

Լոռու մարզպետը հերքում  է Օձունի համայնքապետին ծեծելու մասին լուրերը

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերքում է լուրերը, թե ծեծել է Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին։ Այդ մասին Խաչատրյանը նշեց կառավարության նիստի մեկնարկից առաջ լրագրողների հետ կարճատև զրույցում:

«Նման բան չի եղել», - ընդգծեց Լոռու մարզպետը:

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էր  դիմել «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:  Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել: Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Քրեական գործն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում