Ինչու է Վահե Հակոբյանը խոսում այն բանակցություններից, որից տեղյակ չէ
Արդեն երեք օր է, հասարակության ուշադրության կենտրոնում Սյունիքի մարզում կատարվող իրադարձություններն են: Երեկ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կատարվող գործություններին հայտնեց՝ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, փոխհրաձգություն և բախում չկա, տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ Ավելի ուշ Հայաստանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ-ին, վերջինս ըստ ընթացակարգի պետք է առաքելություն ձևավորի, որին էլ հաջորդելու են Անվտանգության խորհուրդների խորհրդակցությունները, որոնք լինելու են արտգործնախարարների և պաշտպանության նախարարների մակարդակով: Սյունիքի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է՝ բանակցությունների ժամանակ ադրբեջանցիներին հստակ ասվել է՝ Հայաստանը չի պատրաստվում զիջել ոչ մի սանտիմետր: Չնայած արվում է ամեն ինչ, խաղաղ ճանապարհով իրավիճակը շուտափույթ շտկելու համար, այնումանայնիվ, լրատվադաշտ նետված որոշ մտքեր ու վերլուծություններ քաղաքացիներին պահում են վախի մեջ:
Այս առումով իր ակտիվությամբ աչքի է ընկնում հատկապես Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության հիմնադիր Վահե Հակոբյանը: Երբ վերջինս խոսում է Սյունիքում տիրող մթոլորտի, տրամադրությունների մասին, ինչ-որ տեղ հասկանալի է: Գուցե երևանաբնակ Հակոբյանը ինֆորմացիա ստանում է իր կուսակցության անդամ համայնքապետերից, ովքեր ինչպես վերջին իրադարձությունները ցույց տվեցին՝ Սյունիքում մի քանի հոգու մասնակցությամբ միջադեպը վերագրում են ամբողջ մարզին: Բայց թե ինչու է բանակցությունների մաս չկազմող Հակոբյանը խոսում բանակցություններից, որը վստահաբար փակ և անհասանելի տեղեկություն է, թերևս ունի մեկ պատասխան՝ ստեղծել ինտրիգներ, թողնել մտահոգ մարդու տպավորություն, մինչդեռ պետության շահը պահանջում է խոսել փաստարկված, իսկ երբեմն պարզապես լռել՝ գործը թողնելով պատասխանատու անձանց:
Կարծիքներ