Լևոն Քոչարյանի թիկանապահը հարվածել է լրագրողին, ԱԺ-ն թող չխառնի «Պոպլավոկ»-ի հետ․ Հովհաննիսյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ տարածվող տեղեկատվություններին, ըստ որոնց բռնության է ենթարկվել «Սիվիկ» լրատվամիջոցի լրագրողը։
Վերջինս հաստատեց, որ դեպքը տեղի է ունեցել և ներկայացրեց մանրամասները։
«Ազգային ժողովի շենքի դիմային հատվածում լրագրողը հարցազրույց վերցնելիս է եղել մեր պատգամավորից, այսինքն՝ ակնհայտ է, որ լրագրողական գործունեություն իրականացնելիս է եղել, դրանից հետո իրեն է մոտեցել Լևոն Քոչարյանի, ըստ էության թիկնապահը, բայց որքանով ես տեղյակ եմ օգնականի հաստիքի վրա գրանցված մի երիտասարդ, լրագրողի գործունեության վերաբերյալ մեկնաբանություն է արել ու սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել լրագրողի հասցեին, հետո հարվածել նրա դեմքին»,- ասաց նա։
Ըստ Հովհաննիսյանի՝ պատճառը կապված է եղել լրագրողի գործունության և որպես լրագրող արված մեկնաբանությունների հետ․ «Անկախ վերբալ մակարդակում ով ինչ հայտարարություն է անում Լևոն Քոչարյանը հանկարծ թող չխառնի Ազգային ժողովը «Պոպլովոկ» հետ, թող իրենց հաշիվ տան ու տենց էլի փախնեն գնալ կմ-ներով հեռու ու անբարոյական հայտարարություններ անել ու փախած ման գալը որևէ կապ չունի քաղաքական գործունեության հետ։ Եթե այդ մարդիկ անընդհատ խոսում են՝ թե գնանք փրկենք, հայրենասերներ ենք, ուժեղ տղերք ենք, այդ ուժեղ տղերքը փախած ման չեն գալիս»։
Վերջինս զգուշացրեց՝ «Քոչարյանների ընտանիքը չխառնի Ազգային ժողովը «Պոպլովոկ» հետ, թե չէ մեր վերաբերմունքը շատ խիստ է լինելու և՛ իրավական մակարդակում, և՛ այլ հարթություններում, եթե փորձեն շարունակել այս պահվածքը»։
Նրա խոսքով՝ լրագրողը ազատ գործունեություն է իրականացնում Հայաստանում, ՀՀ քաղաքացի է, որտեղ կա խոսքի ազատություն․ «Սա ժողովրդավար պետություն է, սա Ռոբերտ Քոչարյանի ժամանակների Հանրապետությունը չէ, թող չխառնեն։ Եթե որևէ մեկը մտածում է, որ կարող է մարդու ազատ խոքը փորձել կանգնեցնել բռունցքներով, ապա դրա պատասխանը ավելի խիստ է լինելու»։
Կարծիքներ