Իրանի հոգեւոր առաջնորդին վերպատվաստել են կորոնավիրուսի դեմ երկրում մշակված դեղամիջոցով

Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին կրկին պատվաստվել է կորոնավիրուսային վարակի դեմ իրանական COV Iran Barakat դեղամիջոցով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին կիրակի օրը հայտարարել է Բժշկական գիտությունների ակադեմիայի նախագահ Սեյեդ Ալիռեզա Մարանդին։
Վերջին օրերին Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների թվի աճ։ Այսպիսով, անցած օրվա ընթացքում COVID-19-ը հայտնաբերվել է 35429 մարդու մոտ։ Դեպքերի օրական աճի հակառեկորդը գրանցվել է 2021 թվականի օգոստոսի 17-ին՝ 50 228 մարդ։
Իրանցի գիտնականները երեք պատվաստանյութ են ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար։ COV Iran Barakat-ը ներկայումս հանդիսանում է Իսլամական Հանրապետության բնակչության պատվաստման հիմնական դեղամիջոցներից մեկը: Բացի այդ, «Fahra» և «Razi Cov Pars» հայրենական պատվաստանյութերը թույլտվություն են ստացել օգտագործելու Իրանում: Իսլամական Հանրապետությունում օգտագործվում են նաև արտասահմանյան դեղամիջոցներ, մասնավորապես ռուսական Sputnik V-ը և չինական Sinopharm ընկերության, հնդկական Bharat Biotech-ի և բրիտանա-շվեդական AstraZeneca-ի պատվաստանյութերը։ Մինչ օրս Իրանում ամբողջությամբ պատվաստվել է մոտ 54,5 մլն մարդ, ինչը կազմում է երկրի բնակչության 64%-ը։
Կարծիքներ