Բլինքենը հայտարարել է, որ Գազայում հրադադարի շուրջ ՀԱՄԱՍ-ի առաջարկած փոփոխություններից մի քանիսն անիրագործելի են
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը քննադատել է պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման արձագանքը Իսրայելի հետ պատանդների փոխանակման առաջարկին՝ նշելով, որ ՀԱՄԱՍ-ի առաջարկած մի շարք փոփոխություններ իրագործելի չեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բլինքենն այս մասին հայտնել է Դոհայում Կատարի վարչապետ Մուհամմադ բին Աբդ Ալ-Ռահման ալ Թանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«ՀԱՄԱՍ-ը բազմաթիվ փոփոխություններ է առաջարկել քննարկվող առաջարկին։ Որոշ փոփոխություններ իրագործելի են, որոշները՝ ոչ», - ԱՄՆ պետքարտուղարի խոսքերն է մեջբերում The Times of Israel պարբերականը։
Նա հավելել է, որ դա, ըստ էության, նույն գործարքն է, որն առաջարկվել էր ՀԱՄԱՍ-ի կողմից մայիսի 6-ին, և որն ընդունել էին բոլորը, այդ թվում՝ Իսրայելը։
«ՀԱՄԱՍ»-ը կարող էր պատասխանել ընդամենը մեկ բառով՝ «այո», բայց փոխարենը ՀԱՄԱՍ-ը երկու շաբաթ սպասեց, իսկ հետո առաջարկեց ավելի շատ փոփոխություններ, որոնց մի մասը հեռու է այն դիրքորոշումներից, որոնք նախկինում ընդունվել են», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն իր գործընկերների՝ Կատարի և Եգիպտոսի հետ միասին կշարունակի ջանքեր գործադրել համաձայնության հասնելու ուղղությամբ։
«Մենք վճռական ենք՝ հարթելու տարաձայնությունները, և ես հավատացած եմ, որ այդ տարաձայնությունները հարթելի են։ Դա չի նշանակում, որ դրանք կհարթվեն», - հավելել է նա։
Հունիսի 10-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կողմ է քվեարկել Իսրայելի և Գազայի հատվածի միջև հրադադարի մասին ԱՄՆ-ի առաջարկած ծրագրին, որը սահմանում է «լիարժեք և ամբողջական հրադադարի», պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման մոտ պահվող պատանդների ազատ արձակման, մահացած պատանդների աճյունների վերադարձի և Իսրայելում գտնվող պաղեստինցի բանտարկյալների փոխանակման պայմանները։ ՀԱՄԱՍ-ը ողջունել էր ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը։
Կարծիքներ