Միացյալ Նահանգները կաշխատի գործընկերների հետ պարենային ճգնաժամին արձագանքելու համար

ԱՄՆ իշխանությունները կհամագործակցեն գործընկերների հետ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով պարենային ճգնաժամին արձագանքելու հարցում։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ Տոկիոյում Քառակողմ անվտանգության երկխոսության (Ճապոնիա, ԱՄՆ, Հնդկաստան և Ավստրալիա) առաջնորդների գագաթնաժողովում։
«Պարենի համաշխարհային ճգնաժամը սրվում է նրանով, որ Ռուսաստանը արգելափակում է Ուկրաինայից միլիոնավոր տոննա հացահատիկի արտահանումը: Քանի որ Ռուսաստանը շարունակում է պատերազմը, ԱՄՆ-ն իր գործընկերների հետ կաշխատի գլոբալ պատասխան տալու համար, քանի որ դա կազդի աշխարհի բոլոր մասերի վրա»:
Գագաթնաժողովում ԱՄՆ նախագահի բացման խոսքի մեծ մասը վերաբերում էր ուկրաինական թեմային։ «Մենք անցնում ենք մեր ընդհանուր պատմության մութ ժամանակաշրջանով», - ասել է նա Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում՝ նկատի ունենալով Քառակողմ անվտանգության երկխոսության (Quad) իր գործընկերներին։ «Սա ավելին է, քան պարզապես եվրոպական, դա գլոբալ խնդիր է: Ինձ թվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարզապես փորձում է ոչնչացնել մշակույթը, փորձում է ջնջել ուկրաինական մշակույթը: Եվ աշխարհը պետք է արձագանքի սրան, և մենք արձագանքում ենք»,- ասել է Բայդենը։
Կարծիքներ