Հարի Քեյնի ֆուտբոլային «անեծքն» ու Անգլիայի պարտությունը եզրափակիչում. Եվրո 2024-ի ամփոփում
Գերմանիայում անցկացված Եվրոպայի 17-րդ առաջնությունն այլևս պատմություն է, իսկ Իսպանիայի հավաքականը՝ տիտղոսի տիրակալը։ Հուլիսի 14-ին Բեռլինի Օլիմպիական ստադիոնում կայացել է Եվրո 2024-ի եզրափակիչ Իսպանիա - Անգլիա հանդիպումը, որի վերջնարդյունքում Իսպանիայի հավաքականը դարձել է Եվրոպայի քառակի չեմպիոն։
Խոսելով խաղի մասին՝ կարելի է ասել հետևյալը՝ առաջին խաղակեսում հավաքականներն ավելի շատ ուսումնասիրում էին միմյանց, առանց գոլային պահեր ստեղծելու։ Երկրորդ խաղակեսը դարձավ առաջինի հակապատկերը. Իսպանիան հենց մեկնարկից վերադարձրեց Եվրո-2024-ի նախորդ խաղերում ցուցադրած ֆուտբոլը և արագ գոլ խփեց։
Անգլիացիները գոլից հետո երկար սպասեցին, վերջապես ստացան իրենց շանսը և փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստը կրկին հերոսացավ, այս պարագայում՝ Լոնդոնի «Չելսիի» վինգեր Քոլ Փալմերը։ Պատահականությո՞ւն, թե՞ մարզչական հոտառություն. այս հարցի պատասխանն այդպես էլ չենք կարողանում ստանալ, քանի որ Գարեթ Սաութգեյթն աչքի չի ընկնում հստակ ձեռագրով։
Իսկ ահա իսպանացիների մարզիչը՝ Լուիս դե լա Ֆուենտեն ցույց է տալիս իր ձեռագիրը։ Նա փոխարինման միջոցով խաղի ընթացքը բեկեց, բայց սա մի կողմ դրած էլ ամբողջ մրցաշարի ընթացքում տեսել ենք նրա ձեռագիրն իսպանացիների խաղում։
Կրկին հերոսացավ «Ռեալ Սոսյեդադի» ներկայացուցիչ, այս անգամ՝ Միկել Օյարսաբալը՝ գրելով եզրափակիչի վերջնական հաշիվը։ Իսպանացիները Եվրո-2024-ում իրենց «սիրելի» հաշվով՝ 2-1-ով առավելության հասան նաև եզրափակիչում և այժմ Մադրիդում չեմպիոնական շքերթ են իրականացնում։
Իսկ ահա անգլիացիների ավագ Հարի Քեյնը կրկին չկարողացավ կոտրել «սառույցը», «Գոլային մեքենան» պարտվեց իր կարիերայի 6-րդ եզրափակիչում։
Գևորգ Թովմասյան
Կարծիքներ