Պետք է շարունակենք բարձրաձայնել Ադրբեջանի կողմից բոլոր կոնվենցիաների խախտումների մասին. Թագուհի Թովմասյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Թագուհի Թովմասյանի կարծիքով, Հայաստանի ողջ պետական գործունեությունը պետք է ուղղված լինի մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթություններին, այլ ոչ թե ուղղված լինի դրանք առավելագույնս սահմանափակելուն, որպեսզի հեշտացվի պետական իշխանությունների գործունեությունը: Ազգային ժողովի բարձր ամբիոնից Թովմասյանն իր ելույթում նշեց, որ շատ դեպքերում օրենսդրական գործունեության իրականացումն ուղղված է եղել ոչ այնքան մարդու իրավունքների պաշտպանությանը, այլ եղել է շղարշ և նպատակ է ունեցել պետական իշխանության մարմիններ գործունեությունը հեշտացնել:
Պատգամավորն ընդգծեց` մարդու իրավունքների պաշտպանության հարցում պետք է առանձնահատուկ դերակատարություն ունենա խորհրդարանը:
«Պետք է հետևողականորեն ծառայեցնենք մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի լիազորությունները՝ պատերազմի արդյունքում մեր հայրենակիցների խախտված իրավունքները վերականգնելու համար: Ի լուր աշխարհի պետք է շարունակենք բարձրաձայնենք, որ Ադրբեջանը խախտում է բոլոր կոնվենցիաները, այդ թվում և բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին 2007 թվականի կոնվենցիան, ռազմագերիների հետ վարվելակերպի մասին 1949 թվականի օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիան և առ այսօր, միջազգային մարդասիրական իրավունքի խախտմամբ, հրաժարվում է վերադարձնել մեր հայրենակիցներին: Ուզում եմ հստակ արձանագրել, որ այսօր առավել, քան երբևէ, Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում ապրող բնակիչները ունեն մարդու իրավունքների պաշտպանության և երաշխավորության կարիք:
Գիտեք հայտնի GPS-ի գործադրմամբ, շատ դեպքերում միակողմանի քմահաճույքների դրսևորմամբ՝ նոյեմբերի 9-ից հետո գծվեց Հայաստանի սահմանը, և Հայաստանի քաղաքացին շատ դեպքերում մնացել էր միայնակ թշնամու զինուժի դեմ: Մինչդեռ մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, մասնավորապես հոդված 3-ում, սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք»,- ասաց Թովմասյանը:
Կարծիքներ