Հայաստանը ռազմական արդյունաբերության հետ կապված հաջողություններ է արձանագրել. Անդրանիկ Քոչարյան
Հայաստանը 2022 թվականին ռազմական արդյունաբերության հետ կապված ունի արձանագրված հաջողություններ, ինչը նկատել է նաև հակառակորդը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը խորհրդարանում Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին նախագծի քննարկմանը:
«Ռազմական արդյունաբերության հետ կապված 2022-ին ունենք արձանագրած հաջողություններ, որն, ի զարմանս մեզ, նկատել է նաև հակառակորդը՝ իհարկե չգիտակցելով, որ դա մեր արդյունաբերության հետ արձանագրված իրողություններ են: Ամեն դեպքում, դա հաճելի իրողություն է: Եվ դա շարունակությունն է այն նպատակների, որ կառավարությունը դրել է 2022-ի և ընդհանրապես կառավարության ծրագրերի մեջ՝ ռազմական արդյունաբերության զարգացման տեսանկյունից»,-ասաց Քոչարյանը:
Պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ վարչապետի մոտ առնվազն մի քանի խորհրդակցություններ են եղել՝ ՊՆ-ի, ԱԺ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ արդյունաբերության հետ կապված խնդիրների հաղթահարման ուղղությամբ: Նրա խոսքով՝ բյուրոկրատական խնդիրները շատ են, բայց դրանց հաղթահարումն այն նպատակին է մոտեցնում, որ արդյունաբերությունը առանց խոչընդոտների բանակի կարիքների հետ կապված կարողանա լավ արձանագրումներ իրականացնել:
Կարծիքներ