Ընտրությունների արդյունքները անվավերության հանգեցնող հիմքեր առկա չեն. Սրբուհի Գալյան
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է ՍԴ դիմած ուժերի միջնորդություններին:
«Մենք դիրքորոշում ենք ներկայացնում, իսկ հետևություններն անելու է դատարանը, ուստի պետք է սպասենք դատարանի հետևություններին»,- ասել է Սրբուհի Գալյանը։
Հարցին՝ ինչպես են գնահատվում քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկները, նախարարը պատասխանել է, որ դրանց անդրադարձել են ավելի վաղ հայտնած դիրքորոշումներում և բարձրացված հարցերում, իրականում տարբեր են քաղաքական ուժերի ներկայացրած փաստարկները։
««Ուժեղ Հայաստան», «Հայաստան» դաշինք, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչների ներկայացրած փաստարկները գրեթե նույնանում են, նրանց է միանում ինչ-որ առումով նաև «Միասնության թևերը»»,- ասել է նա և շեշտել, որ մյուս 2 ուժերի հետ կապված «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչների փաստարկները բովանդակային առումով տարբերվում են իր՝ վերը նշած մյուս ուժերի ներկայացրած փաստարկներից։
Գալյանն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքները վավեր են, քանի դեռ դրանք անվավեր չեն ճանաչվում։ Ըստ նրա՝ արդյունքների անվավերության հանգեցնող հիմքեր առհասարակ որևէ մեկի ներկայացրած փաստարկներում առկա չեն:
«Ինչու եմ սա նշում, որովհետև կախված այդ փաստարկների բովանդակությունից՝ մեր դիրքորոշումը դրանց մասով տարբեր է։ Օրինակ՝ «Հանուն Հանրապետության» և «Դեմոկրատիա, օրենք և կարգապահություն» կուսակցության ներկայացուցիչներն ասում են, որ ընտրակաշառք է եղել, ծավալները բավականին մեծ են եղել, մենք միանշանակ այս փաստարկներին համաձայն ենք»,- նշել է նախարարը։


Կարծիքներ