Մի քանի գեներալների դուր չի գալիս, որ հասարակությունը կամ կառավարությունը կարող են իրենց հարցեր ունենալ. վարչապետ
Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ առաջ ՀՀ վարչապետը հայտարարեց, որ որոշում է կայացրել աշխատանքից ազատել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, ինչին էլ հետեւել է ԳՇ հայտարարությունը՝ վարչապետի հրաժարականի պահանջով:
Նիկոլ Փաշինյանը, շարունակելով, նշեց.
«Այնուամենայնիվ, ամենամեծ խնդիրը, որ այսօր ունենք, ժողովրդի և քաղաքացիական իշխանությունը պահպանելն է, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, ես համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:
Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ ինձ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ինքս պատասխանեմ, բայց մենք եկել ենք մի փուլի, երբ մեր բոլոր բարձրաստիճան զինվորականներին հարցեր տալուց չենք կարող խուսափել: Եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ: Բայց մեր մի քանի գեներալների դուր չի գալիս, որ մենք, հանրությունը, կառավարությունը կարող են իրենց հարցեր ունենալ: Դ ա չի նշանակում, որ այդ պատասխաններից պետք է ինչ-որ բան տեղի ունենա: Մենք պիտի իմանանք մի քանի հարցերի պատասխաններ՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված: Պիտի իմանանք, թե ինչ կապեր են եղել մի շարք բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև: Ովքեր էին, որ փոխանակ մարտերը վարեն, պնդում էին, որ պետք է իշխանության հարցերը լուծել:
Էլ չեմ նշում նոյեմբերի 9-ի հեղաշրջման փորձը, երբ փորձ եղավ հարձակվել կառավարության ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել՝ չթողնելու համար, որ իրականությունը ի հայտ չգա»:
Վարչապետը նշեց, որ այս ամենի պատասխանն է տալու Հանրապետության հրապարակում և կոչ է անում պահպանել հանդարտություն, իրականացնել խաղաղ հավաք: Զինվորականներին էլ վարչապետը հորդորեց շարունակել իրականացնել հայրենիքի պաշտպանության իրենց գործառույթը:
«Ամեն ինչ մեր զինվորների վերահսկողության տակ է և չպետք է թույլ տալ ծառայողական իրավիճակին հակասող որևէ գործողություն: Անթույլատրելի է, որ բանակը զբաղվի քաղաքականությամբ և անի քաղաքական հայտարարություններ»,-հավելեց Ն. Փփաշինյանը:
Կարծիքներ