Հիվանդության հիմքով բացակա պատգամավորները գրավոր քվեարկելու հնարավորության կստանան
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանի, Աննա Կարապետյանի, Հայկ Գևորգյանի և Վահագն Հովակիմյանի հեղինակած օրինագծով նախատեսվում է գրավոր քվեակելու հնարավորություն տալ հիվանդության հիմքով խորհրդարանի նիստին բացակա պատգամավորներին:
Պատգամավոր Վահագն Հովակիմյանը նշեց, որ օրենքի նախագծով առաջարկվում է ներդնել առողջության հիմքով ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված պատգամավորների գրավոր քվեարկության կարգը: Ներկայումս գործող կարգավորումներով ԱԺ պատգամավորները գրավոր քվեարկելու իրավունք ունեն միայն այն դեպքում, երբ ԱԺ-ի կողմից գործուղման մեջ են:
Հովակիմյանը նշեց, որ օրենքի նախագծի անհրաժեշտությունն առաջացել է հատկապես կորոնավիրուսի համավարակի օրերին, երբ ԱԺ որոշ պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:
Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 80 «կողմ» և 18 «դեմ» ձայներով:
Կարծիքներ