Իսրայելը ամրապնդում է հարաբերությունները Կիպրոսի եւ Հունաստանի հետ

Իսրայելը ամրապնդում է հարաբերությունները Կիպրոսի եւ Հունաստանի հետ

Իսրայելը ամրապնդում է հարաբերությունները Կիպրոսի եւ Հունաստանի հետ կղզու գրավյալ հյուսիսային մասի շուրջ Թուրքիայի հետ վեճում:

Երեքշաբթի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ «Իսրայելը խոր մտահոգությամբ է հետեւում Թուրքիայի կողմից Վարոշա շրջանի կարգավիճակի վերաբերյալ վերջին միակողմանի գործողություններին եւ հայտարարություններին: Իսրայելը վերահաստատում է Կիպրոսին իր լիակատար աջակցությունը»:

Չորեքշաբթի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը հանդիպել է իր հույն գործընկեր Նիկոս Դենդիասին եւ քննարկել Վարոշայի հարցը՝ «խորը մտահոգություն հայտնելով այդ քայլերի վերաբերյալ»: Նախարարությունը հազվադեպ է նման հայտարարություններ անում Կիպրոսի վերաբերյալ:

Սակայն անցյալ տարվա օգոստոսին ԱԳՆ-ն նույնն արեց՝ Միջերկրական ծովում տնտեսական իրավունքների շուրջ Թուրքիայի եւ Հունաստանի տարաձայնությունների հետ կապված: Իսրայելը «լիակատար աջակցություն եւ համերաշխություն է հայտնել Հունաստանին»:

Անցյալ շաբաթ Հերցոգը 40 րոպեանոց հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ, որի ժամանակ նրանք շեշտել են իսրայելա-թուրքական հարաբերությունների կարեւորությունը տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման, ինչպես նաեւ առեւտրի շարունակման համար:

Նախագահները «մեծապես կարեւորել են հետեւողական շփումների եւ երկխոսության շարունակումը` չնայած տարաձայնություններին, որպեսզի նպաստեն իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանն ուղղված դրական քայլերին, ինչը կնպաստի նաեւ Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավմանը», - ասել է նախագահի մամուլի քարտուղարը:

Իսրայելի հարաբերությունները Հունաստանի ու Կիպրոսի՝ Թուրքիայի պատմական մրցակիցների հետ, նույնպես սերտացել են Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ լարվածության սրման շրջանում:

Հանդիպմանը Լապիդը եւ Դենդիասը քննարկել են Իսրայելի եւ ԵՄ-ի երկկողմ հարաբերություններն ու կապերը, ինչպես նաեւ էներգետիկ ոլորտը, որտեղ Իսրայելն ու Հունաստանը համատեղ աշխատում են Իսրայելից Եվրոպա գազատար կառուցելու համար: «Իսրայելի եւ Հունաստանի հարաբերությունները ամուր են եւ լավ, եւ մենք նախատեսում ենք շարունակել զարգացնել ու ամրապնդել դրանք», - հայտարարել է Լապիդը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում