ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը

ԱԺ-ն Արցախի հումանիտար իրավիճակի հարցով փակ նիստից հետո չընդունեց ընդդիմության հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովը չընդունեց «Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար իրավիճակը, սպառնալիքները եւ հրատապ անելիքները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով ընդդիմության ներկայացրած հայտարարության նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության նախագիծը քվեարկության դրվեց ԱԺ փակ նիստից հետո, որին ընդդիմության առաջարկով մասնակցում էին նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Փակ նիստից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտնեց, որ նախագիծը քննարկել են խմբակցությունում: «Մեծամասնությամբ կիսում ենք այն դիրքորոշումները, որոնք արտահայտված են այստեղ: Թե ՀՀ վարչապետի, թե ԱԳ նախարարության և կառավարության բոլոր համապատասխան օղակների, թե խորհրդարանական դիվանագիտության մեզ հասանելի գործիքակազմով մենք ամենօրյա ռեժիմով հասցեագրում և զբաղվում ենք այն բոլոր հարցերով, որոնք դուք ներկայացրել եք՝ հումանիտար հարցերով, ռազմագերիների վերադարձի հարցով, գազամատակարարման հարցով: Բոլոր օղակներում, նաև միջազգային կառույցներում մենք օգտագործում ենք բոլոր դիվանագիտական գործիքակազմի մեջ գտնվող գործիքները, որպեսզի բոլոր այդ հարցերը լուծենք»,-ասաց Կոնջորյանը:

Նա հույս հայտնեց, որ ընդդիմությունը կվերադառնա խորհրդարանական դիվանագիտության դաշտ՝ հիշեցնելով, որ ժամանակին ընդդիմությունը բոյկոտել էր միջխորհրդարանական պատվիրակությունների կազմում մասնակցելու և այդ հարցերը աշխարհում բարձրացնելուց:

«Ելնելով այն հանգամանքից, որ մենք օգտագործում ենք դիվանագիտության բոլոր խողովակներն ու գործիքակազմերը՝ այս պահին հասցեագրելու այս խնդիրները, ապա գտնում ենք, որ այս պահին բավարար են այս գործիքները՝ այս հարցով զբաղվելու համար»,-նշեց ՔՊ խմբակցության ղեկավարը՝ նշելով, որ ՔՊ-ն չի մասնակցի այդ հարցի քննարկմանը:

Քվեարկությամբ հայտարարության նախագիծը ստացավ 30 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներ:

Քվեարկությունից հետո «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը, անդրադառնալով միջազգային պատվիրակություններին ընդդիմության մասնակցության հարցին, ընդգծեց, որ ինքը, որպես ԵԱՀԿ խորհրդարանական պատվիրակության անդամ մասնակցել է վեհաժողովի երկու նստաշրջաններին էլ, ելույթ ունեցել՝ ի շահ Հայաստանի: «Ես և Էլինար Վարդանյանը նաև դիմել ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին՝ պահանջելով Արցախում մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող ցեղասպանական գործողություններին և վանդալիզմին տալ գնահատական և անմիջապես այնտեղ ուղարկել մոնիթորինգային աշխատախումբ»,-ասաց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում