Հայաստանում քովիդի դեմ արդեն պատվաստում են նաև երեխաներին. առաջին պատվաստվողներից է եղել Արսեն Թորոսյանի դուստրը. ՀԺ
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով փոփոխություն է կատարվել «Մոդեռնա» պատվաստանյութի կիրառման ուղեցույցում և սահմանվել, որ «Մոդեռնա» պատվաստանյութով կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած:
Այն իրականացվելու է ըստ դիմելիության, ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների գրավոր համաձայնության դեպքում:
Իր 12-ամյա դստերը կորոնավիրուսային հիվանդության դեմ առաջինը պատվաստել է առողջապահության նախկին նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Թորոսյանը նշեց՝ երեխան ինքն է պարբերաբար հետաքրքրվել, թե երբ է Հայաստանում լինելու իր տարիքի համար կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառելի պատվաստանյութ:
«Պատվաստվել է մի քանի օր առաջ, ու դա պայմանավորված է նրանով որ «Մոդեռնան» կիրառելի է 12 տարեկանից սկսած երեխաների համար: Ինքն էր ինձ խնդրում պատվաստվել՝ տեսնելով, թե վիրուսով պայմանավորված ինչ իրավիճակ է: Այդ հարցը վաղուց կար՝ ինչո՞ւ մենք չենք պատվաստվում: 8-ամյա տղաս նույնպես ուզում է պատվաստվել, բայց դեռ իր տարիքի համար նախատեսված պատվաստանյութ չկա»,- ասաց նա
Պատվաստվելուց հետո աղջկա մոտ որևէ բարդություն չի առաջացել, միայն ջերմությունն է բարձրացել, ասաց Թորոսյանը: Հիմա սպասում են երկրորդ դեղաչափը ստանալուն: «Կոչ եմ անում պատվաստել երեխաներին 12 տարեկանից բարձր, որովհետև իրենք հանդիսանում են քովիդի լավ վարակակիր»,- հավելեց նա:
«Մոդեռնա» պատվաստանյութն առաջին անգամ ներկրվեց Հայաստան հոկտեմբերի 4-ի երեկոյան: Լիտվայի կառավարությունը 50 հազար դեղաչափ էր նվիրաբերել մեր երկրին: Նորվեգիայի Հանրապետությունն էլ պատրաստվում է նվիրաբերել «Մոդեռնայի» 620 հազար 400 դեղաչափ:
Կարծիքներ